Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ դիմակ կրելը բժշկական կազմակերպություններում և՛ բուժանձնակազմի, և՛ այցելուների համար պարտադիր է:

Ավելի վաղ առողջապահության նախարարությունից հայտնել են, որ Հայաստանում COVID-19-ով պայմանավորված` համաճարակային իրավիճակը գնահատվում է կայուն:

Հաշվի առնելով իրավիճակային փոփոխությունը` առողջապահության նախարարությունը նախաձեռնել է սահմանափակումների մեղմացում:
Փակ տարածքներում դիմակ կրելու պարտադիր պահանջը հանվել է։

Փակ տարածքներում խորհուրդ է տրվում կրել դիմակ՝ փոխելով այն 3-4 ժամը մեկ անգամ` ըստ անհրաժեշտության:

«Փոփոխությունն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

Նշենք, որ վերջին 14 օրվա ընթացքում արձանագրվել է հիվանդության 11775 դեպք, ինչը նախորդ նույն ժամանակահատվածի համեմատ (37459 դեպք) նվազել է 69%-ով: Թեստավորման դրական արդյունքների մասնաբաժինը վերջին 14 օրվա ընթացքում կազմել է 18.1%` նախորդ 37.9%-ի փոխարեն:

Հավելենք, որ սահմանափակումների վերաբերյալ առողջապահության նախարարության որոշումները բխում են համաճարակաբանական իրավիճակից և դրանով պայմանավորված` կրկին կարող են վերանայվել»,-նշվում է Առողջապահության նախարարության հայտարարության մեջ:

1020