Ֆրանսիական ռազմական հետախուզության տնօրեն Էրիկ Վիդոն ժամանակից շուտ լքում է պաշտոնը՝ ուկրաինական հակամարտության հետ կապված ծառայություններում «աշխատանքի թերացումների» պատճառով։ Այս մասին գրում է Opinion-ը՝ հղում անելով աղբյուրներին։

Ըստ պարբերականի՝ գեներալ Վիդոն ստիպված է լինում հեռանալ պաշտոնից՝ նշանակումից ընդամենը յոթ ամիս անց։ Ֆրանսիայի պաշտպանության նախարարության աղբյուրները դա պայմանավորում են «հարցերի չհասկացվածությամբ» և «ճեպազրույցների անբավարար քանակով»։
«Ֆրանսիայի զինված ուժերի շտաբի պետը երեքշաբթի պետք է Վիդոյին տեղեկացներ, որ ամռանը գեներալը թոշակի է անցնելու։ Սակայն ռազմական հետախուզության ղեկավարն ինքը «գերադասել է անհապաղ հեռանալ ռազմական կառույցից»,- գրում է թերթը։

Ռազմական հետախուզության ղեկավարի պաշտոնում Վիդոյին կարող է փոխարինել գեներալ Ժակ դե Մոնգրոն։
Ավելի վաղ Ֆրանսիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Թիերի Բուրկարդը Monde թերթին տված հարցազրույցում խոստովանել էր, որ ֆրանսիական ծառայությունները, այդ թվում՝ ռազմական հետախուզությունը, սխալ են գնահատել «Ռուսաստանի սպառնալիքն Ուկրաինային», ի տարբերություն ամերիկացիների։

201