Կորոնավիրուսի հետ կապված ճգնաժամից հետո դարձյալ մեծացել է դեպի Հայաստան մարդկանց (հատկապես ռուսների) ներհոսքը`պայմանավորված ռուս-ուկրաինական հակամարտությամբ: Երկիրն ասես արթնացավ խոր քնից։ Հայաստանյան հյուրերն այս անգամ մեծ մասամբ ՏՏ ոլորտի մասնագետներ են, եւ շատ տնտեսագետներ նրանց գալով երկրի տնտեսական աճ են կանխատեսում, նոր աշխատատեղեր։

Նկատենք, որ ռուսաստանցիների ներկայությունից ինչ-որ տեղ փոխվել է քաղաքի դեմքը, մեր մայրաքաղաքն այսօր հիշեցնում է միջազգային քաղաք, օտարերկրացիների այսպիսի ներհոսքից շահում են նաեւ տեղական բիզնեսները։

Ժամանակակից թվային աշխարհում նրանց կյանքի լավ պայմաններ առաջարկելու դեպքում էլ չի բացառվում, որ ՌԴ քաղաքացիների հյուրի կարգավիճակը փոխարինվի քաղաքացիությամբ, ինչի արդյունքում միմիայն կշահի մեր երկրի տնտեսությունը։ Սակայն ինչ ենք անում մենք` հայաստանցիներս, նրանց մեր երկիրն ավելի ներկայանալի դարձնելու համար։

 

Ինչպես ցույց է տալիս փորձը,  մենք, մեծ հաշվով, պատրաստ չենք լավագույնս օգտագործելու այս հնարավորությունը, որովհետև  մասնավոր ոլորտը` սկսած տաքսի ծառայություններից վերջացրած անշարժ գույքի գործակալություններով, չունեն մշակված միգրացիոն հոսքեր կառավարելու երկարաժամկետ ռազմավարություն։

Իրականությունը փաստում է, որ հայ հասարակությունը  նույնիսկ կենցաղային մակարդակում պատրաստ չէ երկարաժամկետ ընդունելու օտարերկրացիներին։ Պարծենում ենք մեր դարերից եկած մշակույթով, բայց տարրական հերթ կանգնելու մշակույթ չունենք։ Պարծենում ենք մեր հյուրընկալությամբ, բայց շատերի համար օտարազգիները մի քանի ժամով կամ օրով  իրենց տրամադրության տակ հայտնված քսակ են, որից որքան հնարավոր  է պետք է ավելի շատ դրամ կորզել:

Կտրուկ աճել է գրասենյակային տարածքների ու բնակարանների պահանջարկը Երևանում, ինչն էլ հանգեցրել է վարձավճարների կտրուկ աճի։

Մենք երբեք չպետք է մոռանանք, որ աշխարհում ամենամեծ սփյուռք ունեցող ազգերից ենք, եւ մեր բազմահազարավոր հայրենակիցներ ապրում են օտար երկրներում` այս նույն օտարազգիների հետ կողք կողքի։ Եվ, վերջիվերջո, հատկապես մեր հայրենիքի համար ծանր այս օրերին, մեզ օդ ու ջրի պես անհրաժեշտ է ՏՏ աշխատանքային  այս ներուժը։

Մեր հայրենակիցներին կոչ ենք անում մեկ անգամ էլ վերանայել մեր բազմադարյա մշակույթն ու հյուրընկալությունը։

 

Արամ Սիմոնյան

1843