
Երեկ, ապրիլի 10-ին, դանակահարություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։40-ի սահմաններում «Մարգարյան» բժշկական կենտրոնից ոստիկանության Կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ «ձախ գոտկային հատվածի կրտրած-ծակած վերք» ախտորոշմամբ՝ իրենց մոտ է տեղափոխվել մի պատանի։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված կենտրոն են ժամանել ոստիկանության Կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի պետ Մամիկոնյանի գլխավորությամբ։ Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Երևանի բնակիչ 17-ամյա Հայկ Փ․-ն է, որը դանակահարվել է ժամը 19։00-ի սահմաններում, Արամի փողոցում գտնվող «Մալիբու» այգում։
«Մարգարյան» բժշկական կենտրոնում վիրավորին առաջին բուժօգնությունն են ցուցաբերել, ապա նրան տեղափոխել են «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։ Մինչ նշված կենտրոնի բժիշկները օգնություն էին ցուցաբերում վիրավորին, ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախուզության, անչափահասների գործերով բաժանմունքների ծառայողները, համագործակցելով Կենտրոն և Նորք-Մարաշ վետերանների խորհրդի անդամների հետ, պարզել են դանակահարողի ինքնությունը:
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ կասկածյալը Երևանի բնակիչ 17-ամյա Արթուր Ա․-ն է։