Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի հեղինակած նախագիծը, որի համաձայն պարտադիր զինծառայությունից կազատվեն մարտական գործողությունների ընթացքում զոհված զինծառայողների եղբայրները և որդիները: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, նախագիծը ներկայացրեց հեղինակը, ում խոսքով՝ առաջինից երկրորդ ընթերցում որոշ փոփոխություններ են արվել, համաձայն որոնց զոհված զինծառայողների եղբայրները կամ որդիները ցանկության դեպքում կարող են դիմում գրել ու մեկնել ծառայության:

Սարգսյանի խոսքով` «Պատիվ ունեմ» խմբակցությունն առաջարկել է ոչ թե նշված անձանց զինծառայությունից ազատվելու հնարավորություն տալ, այլ նախարարի հրամանով զորակոչել ԶՈՒ գլխավոր շտաբ:

«Ես այդ առաջարկին դեմ եմ եղել, այս փոփոխությունների նպատակը սոցիալական է, մենք զոհված զինծառայողների եղբայրներին ազատում ենք զինծառայությունից, որ ընտանիքի հոգսերը մեղմենք, աշխատեն ու լուծեն սոցիալական խնդիրները, ու ընտանիքում առաջացած հոգեբանական խնդիրները լուծեն»,-ասաց նա:

Սարգսյանը նշեց, որ մեկ այլ առաջարկ էլ «Հայաստան» խմբակցությունն է ներկայացրել` առաջարկելով նշված անձանց զորակոչել վեց ամիս ժամկետով: Այս առաջարկը ևս հանձնաժողովի հավանությանը չի արժանացել:

Նախագծին կողմ է քվեարկել 68 պատգամավոր։ Ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները որոշում են կայացրել չմասնակցել ԱԺ քառօրյա նիստերին և կմեկնեն ՀՀ սահմանամերձ գյուղեր ու Արցախ։

Ավելի վաղ, Սարգսյանը նշել էր, որ փոփոխությունից հետո շահառուների շրջանակը շատ չի լինելու. 2022-ի ամառային զորակոչին նախատեսվում է, որ օրենքի շահառու կլինի 10, ձմեռային զորակոչին՝ 17 քաղաքացի, 2023-ի ամառային զորակոչին՝ 11, ձմեռայինին՝ 14 քաղաքացի, այսինքն՝ առաջիկա չորս զորակոչերի ընթացքում 52 հնարավոր շահառու կարող է լինել:

672