«Դպրոցական բաժանորդային համակարգի ներդրում» ծրագիրը նախատեսված է պետական հանրակրթական դպրոցների՝ 1-12-րդ դասարանների աշակերտների և նրանց ուղեկցող ուսուցիչների համար (յուրաքանչյուր 10 աշակերտի համար՝ մեկ ուղեկցող ուսուցիչ):

Յուրաքանչյուր աշակերտ ուսումնական տարվա ընթացքում հնարավորություն ունի մեկական անգամ անվճար այցելելու մշակութային երեք հաստատություն՝ թանգարան, թատրոն, համերգասրահ:

 ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից հայտնում են, որ մշակութային հաստատության ընտրությունը կատարում են աշակերտները, խմբային այցելությունների դեպքում՝ առաջնորդվում ուսուցչի առաջարկությամբ:

Տոմսի համապատասխան բաժինը հանձնվում է համապատասխան կազմակերպությանը՝ հետագա հաշվառման նպատակով:

Այցելությունները պետք է նախապես ամրագրեն իրենց ներկայությունն ու համաձայնություն ձեռք բերեն մշակութային կազմակերպությունների հետ:

Թատերական և համերգային կազմակերպությունն իրավունք ունի սահմանելու և առաջարկելու համապատասխան քանակությամբ տեղեր:

Թանգարաններում բաժանորդային տոմսն ապահովում է միայն ընդհանուր ցուցադրության մուտքը. ուղեկցությամբ շրջայցերը վճարովի են և պետք է նախապես համաձայնեցվեն թանգարանի հետ:

Ծրագիրը երաշխավորում է դպրոցահասակների մշակութային կրթության իրավունքի իրացման նվազագույն հնարավորությունը՝ միաժամանակ մշակութային հաստատություններին ընձեռելով նոր այցելուներ ունենալու և մշակութային այլ օջախների հետ հավասար պայմաններում մրցակցելու հնարավորություն:

872