Ուկրաինացի քաղաքական գործիչ Վիկտոր Մեդվեդչուկը դիմել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն՝ խնդրելով իրեն փոխանակել զինվորականների և Մարիուպոլի բնակիչների հետ։ Նրա տեսաուղերձը հրապարակել է Ուկրաինայի անվտանգության ծառայությունը:

«Ես՝ Վիկտոր Վլադիմիրովիչ Մեդվեդչուկս, ցանկանում եմ դիմել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն՝ խնդրելով, որ ուկրաինական կողմն ինձ փոխանակի Մարիուպոլի պաշտպանների և այն բնակիչների հետ, որոնք այսօր այնտեղ են և չունեն անվտանգություն, ելք մարդասիրական միջանցքներով»,- ասել է նա:

Գործակալության մամուլի ծառայությունը պնդում է, որ, տարբեր գնահատականներով, Մարիուպոլում «կա մոտ 120 հազար խաղաղ բնակիչ», ինչպես նաև «Ազովի» գումարտակի զինյալներ և 36-րդ ծովային բրիգադի զինծառայողներ։

Ապրիլի 12-ին Զելենսկին հայտարարեց Մեդվեդչուկին կալանավորելու մասին և հրապարակեց մի տղամարդու լուսանկարներ, որը նման էր նրան։ Միաժամանակ նախագահն առաջարկել է նրան փոխանակել ուկրաինացի ռազմագերիների հետ։

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ավելի վաղ հայտարարել էր, որ Կրեմլը չի տեսնում Մեդվեդչուկին գերի ընկած ուկրաինացի զինծառայողների հետ փոխանակելու հնարավորություն։

892