Այսօր` ապրիլի 19-ին կայացած Երեւան քաղաքի ավագանու նիստի ժամանակ ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Նուարդ Վարդանյանը առաջարկեց Երեւանի Մայիսյան փողոցը անվանակոչել ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, ԽՍՀՄ պետական մրցանակի դափնեկիր, Երեւանի պատվավոր քաղաքացի, «Սուրբ Մեսրոպ Մաշտոց» շքանշանի ասպետ Խորեն Աբրահամյանի անունով:

«Խորեն Աբրահամյանը հայազգի այն մշակութային գործիչներից է, ում ներդրումը հայ թատերարվեստի մեջ մի ամբողջ ժամանակաշրջան է ձեւավորել, նա իր ժողովրդականությամբ հայտնի է ոչ միայն Հայաստանում, այլեւ ՀՀ սահմաններից դուրս, ուստի հարկ եմ համարում առաջարկել Մայիսյան փողոցը, որը մոտ է Թատերական ինստիտուտին, վերանվանել Խորեն Աբրահամյանի անունով»,- ասաց ավագանու անդամը:

Ավագանու անդամ Սերգեյ Գյոզալյանն արձագանքելով նախագծին՝ ասաց, որ ինքը կողմ է Մայիսյան փողոցը Խորեն Աբրահամյանի անունով անվանակոչելուն, բայց մի մտավախություն ունի.

«Խորեն Աբրահամյանի անունով փողոց պետք է, ինչ խոսք, բայց տեսեք, ես հասկանում եմ, որ Մայիսյան փողոցը ոչ մի կապ չունի մեր մայիսյան հաղթանակների հետ, բայց ակամա մայիսյան բառը մեզ մոտ ասոցացվում է հենց այս իրադարձությունների հետ, ուստի արդյոք ճիշտ է հենց Մայիսյան փողոցը անվանափոխել»:

Գյոզալյանի մտավախությանն  ի պատասխան՝ Վարդանյանն ասաց, որ Երեւան քաղաքում կա Մայիսի 9-ի փողոց, ուստի Մայիսյան փողոցն են վերցրել, քանի որ համարվում է կրկնություն, բայցեւ սիմվոլիկ է, որ գտնվում է Թատերական ինստիտուտի տարածքում:

Մշակույթի, կրթության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հայկ Միրզոյանը եզրափակելով քննարկումն ասաց, որ խորհրդանշական է, որ նախագիծը դրվել է քննարկման հենց ապրիլ ամսին, քանի որ ապրիլին է ծնվել Խորեն Աբրահամյանը:

1816