Առաջին դասարան հաճախող երեխաների համար առցանց հայտագրումը պարտադիր է այն պետական հանրակրթական դպրոցների համար, որոնք տվյալ բնակավայրում միակը չեն։

Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից:

Առցանց հայտագրման գործընթացը 3 փուլով կիրականացվի ԿԳՄՍ նախարարության «Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի» կողմից` «Սովորողներին դպրոց հայտագրելու էլեկտրոնային համակարգի» միջոցով:

Առաջին փուլ

Հունիսի 21-ից հայտագրումը բաց կլինի արտոնություններ ունեցող քաղաքացիների համար։ Որպես առաջնահերթություն դիտարկվում է նույն դպրոցում հայտագրվող երեխայի քրոջ կամ եղբոր սովորելու, ինչպես նաև ծնողի աշխատելու հանգամանքը։ Այս փուլով հայտագրումը կիրականացվի 14 օրվա ընթացքում։

Երկրորդ փուլ

Հուլիսի 6-ից առաջին դասարանցիների հայտագրման գործընթացը կիրականացվի ընդհանուր հիմունքներով՝ հայերենով ուսուցում իրականացնող հանրակրթական պետական հաստատություններ դիմող բոլոր առաջին դասարանցիների համար։

Երրորդ փուլ

Հուլիսի 12-ից հայտագրում կիրականացվի նաև օտարերկրյա քաղաքացիների, երկքաղաքացիների, քաղաքացիություն չունեցողների, ինչպես նաև ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների երեխաների համար՝ իրենց ընտրությամբ ռուսերենով ուսուցմամբ դասարաններում։ Այս կարգավորումը  տարածվում է նաև այն երեխաների վրա, որոնց ծնողներից մեկը ՀՀ  քաղաքացի է, մյուսը` ոչ:  

Հայտագրումը կշարունակվի ողջ ուսումնական տարվա ընթացքում

Երկյակ, եռյակ, քառյակ և ավելի երեխաներից առնվազն մեկի հայտագրումը որևէ հանրակրթական դպրոցում հիմք է նույն հաստատություն մյուս երեխաների ընդունելության համար՝ անկախ լիցենզիայով տրված տեղերի քանակից։

Նախապես ստուգել երեխայի և ծնողի տվյալների ճշտությունը

Որպես հայտագրման նախապատրաստական կարևոր քայլ՝ նախ պետք է ստուգել երեխայի տվյալների ամբողջականությունը։ Այս նպատակով  երեխայի և ծնողի հանրային ծառայության համարանիշները պետք է մուտքագրել stugum.emis.am համակարգ և հավաստիանալ երեխայի անձնական տվյալների առկայության ու ճշգրտության հարցում։ Այս քայլն անհրաժեշտ  է բուն հայտագրման գործընթացի ժամանակ հնարավոր խնդիրներից խուսափելու համար։

1103