«Ինչու օդիոզ դեմքեր համարվող մարդիկ, որոնք ձեռք են բերել արժեքավոր գույք, այժմ ազատության մեջ են: Այս մասին այսօր ԱԺ պետաիրավական հարցերով հանձնաժողովի նիստին դիմելով ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին՝ ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից Վիգեն Խաչատրյանը:
«Մեզ կշտամբում են ասում են՝ ինչո՞ւ նրանցից մեկն այսօր բանտում չէ. սա համարվում է մեր ամենամեծ բացթողումը, ի՞նչն է սրա պատճառը, որ բոլորը ամեն ինչ գիտեն, բայց կոնկրետ մեկ- երկու-երեք մարդ այսօր բանտում չէ: Ես դեմ եմ, որ օդիոզները, որոնք բանտում չեն, մեզ մեղադրում են՝ ինչու բանտում չեն»,-ասաց նա:
Գլխավոր դատախազը նշեց, որ իրենց արդյունքները նախադեպ չունեցող են, և երբ ասում են՝ բոլորը ամեն ինչ գիտեն, բայց թղթի վրա չի երևում, ապա խնդիրներից մեկն այն է, որ երբ գալիս է այդ բոլորից, ոմանցից տեղեկություններ ստանալու իրավիճակը, նրանք այդ բոլորի մեջ չեն:
«Լուրջ և նախադեպը չունեցող արդյունքներ ունենք, բայց ունենք նաև մեծ սպասումներ»,- ասաց նա:
Անդրադառնալով ոչ մասնագիտական ձևակերպումներին՝ նա ասաց. «Նախ՝ բանտում մարդիկ կան, հետո էլ դա երբեք չափանիշ չէ, որ իրականացվող իրավական պայքարը պետք է հանգեցնի պարտադիր բանտում մարդկանց և այլն»,- հավելեց նա:
Արթուր Դավթյանը հայտնեց, որ տարվա ավարտին վերջացել են 14 անձի վերաբերյալ ուսումնասիրությունները, որոնցով բացահայտվել է ենթադրյալ ապօրինի ծագում ունեցող 94 անշարժ գույք, 23 շարժական, 23 ընկերությունում մասնակցություն եւ 27 միլիարդ դրամի գումար։ Այս պահի դրությամբ դատարան են ներկայացվել վեց հայցեր, որոնցով ենթադրյալ ապօրինի ծագում ունեցող գույքը դրամական արժեքի վերածելու պարագայում հայցագինը կազմում է մոտ 40 միլիարդ դրամ։ Աշխատանքը մեծ դժվարությամբ է արվում, այն նորամուծություն է մեր օրենսդրական պրակտիկայում, բայց դատախազության ստորաբաժանումը ջանք չի խնայում, որ դժվարություններն արդյունավետ հաղթահարվեն։
Անդրադառնալով հայհոյանքը քրեականացնելուն՝ նա ասաց, որ ուզում են հանրությանը պաշտպանել հայհոյանքից, հրապարակային խոսքում բացառել հայհոյանքը: «Այս հանցագործությունից տուժած անձինք միայն գործող իշխանությունները չեն, և մեզ համար բացարձակ նշանակություն չունի ում կողմից է հնչել այն: Նայեք մեր հրապարակային խոսքը, ակնհայտորեն լավ է, որ չունենք մինչև օգոստոսյան իրավիճակը»,- ասաց նա: