Շուտով Մայր բուհում կգործի գնահատման նոր համակարգ. ուսանողներին հնարավորություն կընձեռվի միավորներ ստանալ նաեւ դասերին մասնակցության  համար:

Երևանի պետական համալսարանի ուսումնական գործընթացի վերահսկման բաժնի վարիչ Արմեն Սարգսյանը Araratnews.am-ի հետ զրույցում պարզաբանում է` դասերին ներկա լինելու եւ ակտիվություն ցուցաբերելու համար դասախոսը կկարողանա ուսանողին գնահատել  0-3 միավորով.

«Առավելագույն՝ 3 միավորը ուսանողը կստանա այն դեպքում, եթե դասերին ունենա 91% եւ ավելի հաճախելիություն, 81-90%-ի դեպքում նրան կհատկացվի 2 միավոր, 71-80%-ի դեպքում` 1, իսկ այն ուսանողները, որոնք կունենան 70% եւ ցածր հաճախելիություն` միավորներ չեն վաստակի»:

Ըստ մասնագետի` ներդրվող բազմագործոն գնահատման համակարգը բարձրացրել է նաեւ դասախոսի ազատության աստիճանը, քանի որ դասախոսն ինքն է ընտրում՝ իր դասընթացը ինչ բաղադրիչներից բաղկացած լինի.

«Օրինակ` ընթացիկ ստուգում, ինքնուրույն աշխատանք եւ մասնակցության գնահատական, այս երեք բաղադրիչներն ընտրովի են, եւ դասախոսն է որոշում, սրանցից որն ընտրի իր դասընթացի համար»:

Սարգսյանի խոսքով, եթե դասախոսը որոշում է չկիրառել ներկայության համար միավոր տալու կարգը, ապա նախապես, մինչ ուստարին սկսելը, պետք է տեղեկացնի ուսանողներին, սակայն կարծում է, որ դասախոսի` այս կարգն ընտրելն ու կիրառելը որոշ չափով կնպաստի ուսանողների բացակայությունների թվի նվազմանը.

«Եթե լինեն այնպիսի դասախոսներ, որոնք  զուտ ֆիզիկական ներկայության համար միավորներ կտան, բնականաբար ուսանողը կձգտի, որոշակի չափով  այդ բացակայությունների թիվը նվազեցնել, որպեսզի միավոր վաստակի, բայց կարծում եմ՝ դրանից կօգտվեն այն ուսանողները, որոնք սովորում են միջինից ցածր  գնահատականներով, քանի որ բարձր առաջադիմություն ունեցող ուսանողին դա չի անհանգստացնի»:

Դասաժամին ներկայության համար միավոր տրամադրելու կարգը միակ փոփոխությունը չէ Մայր բուհի կրթական համակարգում: Գնահատման համակարգի սանդղակը եւս փոփոխվել է.

«Եթե նախկինում քննություն հանձնելիս ուսանողը ստանում էր 8 միավոր եւ դա անցողիկ էր, ապա հիմա 8 միավորը համարվելու է անբավարար, սա բնականաբար պետք է տարանջատենք միասնական քննությունների ժամանակ բուհ ընդունվելու համար բավարար համարվող 8 միավորից»:

Տեղեկացնենք, որ այս փոփոխությունները գործելու են 2022-2023 թթ. ուստարում եւ դրանից հետո ընդունվողների համար:

ԱՆՆԱ ՉԻԲՈՒԽՉՅԱՆ

 

 

 

 

2403