«Հայաստան» համահայկական հիմնադրամը հայտարարություն է տարածել, ըստ որի՝ հերքում է լուրերը, թե հիմնադրամի աշխատակցին աշխատանքից  հեռացրել են «Դիմադրության» շարժմանն աջակցելու պատճառով:

«Սույն թվականի մայիսի 19-ին մի շարք ԶԼՄ-ների կողմից շրջանառության մեջ են դրվել Հիմնադրամի նախկին աշխատակից Աննա Մանուկյանի կողմից իր ֆեյսբուքյան էջում տեղադրված գրառումը՝ ««Հայաստան» հիմնադրամի աշխատակցին հեռացրել են «Դիմադրության» շարժմանն աջակցելու պատճառով» վերնագրով, ինչպես նաև նույն օրը Ֆրանսիայի հրապարակում անցկացված հանրահավաքի ժամանակ նրա կողմից հնչեցրած նույնաբովանդակ ելույթը։

Իրականում «Հայաստան» համահայկական հիմնադրամի նախկին աշխատակից Աննա Մանուկյանի հետ աշխատանքային պայմանագիրը լուծվել է աշխատանքային կարգապահությունը պարբերաբար խախտելու համար՝ խստորեն պահպանելով ՀՀ աշխատանքային օրենսգրքի պահանջները։

Հիշեցնում ենք, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամը համազգային նշանակության ապաքաղաքական կառույց է և Հիմնադրամի հեղինակությունն ու բարի համբավն արատավորող ապատեղեկատվության տարածումը, Հիմնադրամի գործունեության քաղաքականացման փորձերն անընդունելի են և կարող են վնասել Հիմնադրամի գործունեության արդյունավետությանը»,- նշված է Հիմնադրամի հայտարարության մեջ:

2658