Երևանի պետական համալսարանում (ԵՊՀ) մայիսի 20-ին հյուրընկալվել են Լիտվայի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ, որոնց հետ քննարկվել են համագործակցություն հաստատելու հնարավոր ուղիները, կոնկրետ ոլորտներն ու զարգացման հեռանկարները։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԵՊՀ-ից, Լիտվայի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներն երկօրյա պաշտոնական այցով Հայաստանում գտնվող երկրի նախագահի պատվիրակության կազմում Հայաստանում են՝ ամրապնդելու երկկողմ համագործակցությունը և հաստատելու գործընկերային նոր կապեր։

«Հանդիպման սկզբում ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը հյուրերին ներկայացրեց ԵՊՀ գործունեության հիմնական ուղղությունները, բարեփոխման իրագործվող ծրագրերը, առաջնային նպատակներն ու նախագծերը, որոնք միտված են կրթության որակի բարելավմանն ու հետազոտությունների արդյունավետության բարձրացմանը։

Լիտվացի գործընկերներին ներկայացվեցին ԵՊՀ-ի և Լիտվայի համալսարանների միջև արդեն իսկ հաստատված համագործակցությունները և դրանց շրջանակում իրականացված ծրագրերը։ ԵՊՀ ռեկտորը փաստեց, որ համալսարանը պատրաստակամ է հաստատելու նոր կապեր, կյանքի կոչելու արժեքավոր գաղափարներ՝ միտված ուսանողների, դասախոսների և հետազոտողների կարողությունների բարձրացմանը, փորձի փոխանակմանն ու նրանց միջև հաղորդակցության ամրապնդմանը»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ Լիտվայի պատվիրակության ղեկավար, Լիտվայի Հանրապետության նախագահի կրթության, գիտության և մշակութային հարցերի գծով խորհրդական Պաուլիուս Բալտոկասը, հանդիպման ընթացքում խոսել է իրենց երկրի բարձրագույն կրթության ոլորտի քաղաքականության, իրականացվող գործընթացների և ռազմավարական նպատակների մասին՝ փաստելով, որ Հայաստանն այն երկիրն է, որի հետ Լիտվան ցանկանում է ընդլայնել և առավել խորացնել առկա համագործակցությունը։ Բուհերի ներկայացուցիչներն էլ հանդիպման ընթացքում խոսել են իրենց համալսարանների գործունեության հիմնական ուղղությունների և այն ոլորտների մասին, որոնց շրջանակում կարելի է փոխգործակցություն ծավալել։

Կողմերն արձանագրել են, որ համատեղ կրթական, հետազոտական ծրագրերի իրագործումը, փոխանակման ծրագրերի իրականացումը, ամառային դպրոցների, կոնֆերանսների և այլ միջոցառումների կազմակերպումը, ինչպես նաև հետագայում կրկնակի դիպլոմով կրթական ծրագրերի իրականացումը արդյունավետորեն կխթանեն համագործակցությունը ինչպես բուհերի, այնպես էլ երկու երկրների միջև։

Նշվում է, որ հանդիպման ավարտին պատվիրակության անդամները եղան ԵՊՀ այն ֆակուլտետներում և կենտրոններում, որոնց հետ կցանկանային համագործակցություն հաստատել՝ տեղում ծանոթանալով դրանց գործունեությանը և իրականցվող աշխատանքներին։

Նրանք այցելել են ԵՊՀ մանրէաբանական կենսատեխնոլոգիաների և կենսավառելիքի նորարարական կենտրոն, ծանոթացել բակալավրի և մագիստրոսական ծրագրերին, եղել նաև ԵՊՀ կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտում, արյունաբանական լաբորատորիայում, էկոլոգիայի և բնության պահպանության, կենսաքիմիայի, մանրէաբանության և կենսատեխնոլոգիայի, մարդու և կենդանիների ֆիզիոլոգիայի, կենդանաբանության, բուսաբանության և սնկաբանության ամբիոններում:

598