Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը Ազգային ժողովում ներկայացրեց տարեկան հաղորդումը։ Անդրադառնալով գնաճին՝ նա նշեց, որ 2021 թվականին գնաճը  կազմել է 7,7 տոկոս։ Նա ասաց, որ գործընկեր երկրների տնտեսական բացասական միտումները, մատակարարման շղթաների խաթարումները և այլ գործոններ նպաստելու են միջազգային շուկաներում էներգակիների և պարենային ապրանքների գնաճային  զարգացումներին;

«Նշված զարգացումները և հատկապես Ռուսաստանի նկատմամբ կիրառված պատժամիջոցները ՀՀ տնտեսության վրա կունենան զգալի բացասական ազդեցություն, ինչը հիմնականում կարտահայտվի արդյունաբերության ճյուղի դանդաղմամբ»,– ասաց նա և նշեց, որ դա որոշ չափով կմեղմի զբոսաշրջության ոլորտում սպասվող աշխուժությունը;

«Նման իրավիճակում Կենտրոնական բանկի հիմնական սցենարի ներքո տնտեսական աճի ցուցանիշը էականորեն նվազել է և, առաջին եռամսյակին իրականացված կանխատեսումների համաձայն,  կկազմի 1,6 տոկոս»,– ասաց նա։

Մարտին Գալստյանը նշեց, որ ապրանքահումքային միջազգային շուկաներից ներմուծվող մի շարք ապրանքների միջոցով ներքին  գներին փոխանցում են գնաճային զգալի ազդեցություն, ինչն իր հերթին արտահայտվում է գնաճային սպասումների և ռիսկերի ավելացմամբ։

«Մյուս կողմից, պահանջարկի զգալի աճը լրացուցիչ գնաճային ճնշումներ է առաջացնում։ ԿԲ ներկայացված սցենարի համաձայն՝ առաջիկա եռամսյակներում սպասվում է  բարձր գնաճային միջավայրի պահպանում, որի պարագայում  12-ամսյա գնաճը կանխատեսվում է շուրջ 7 տոկոս»,– ասաց նա։

Նա նշեց, որ գնաճի վրա ազդում են մի խումբ գործոններ, որոնց թվում են արտաքին գործնները, և որպես համեմատություն նշեց, որ օրինակ՝ Թուրքիայում գնաճը կազմել է 70 տոկոս, սննդամթերի գները կկնապատկվել են։

«Մենք ունենք ազատ լողացող փոխարժեք ու Կենտրոնական բանկի, իմ պատկերացմամբ, վերջին տարիների մեծագույն նվաճումն այն է, որ հասարակության  մոտ կարողանում ենք ձևավորել մի զգացողություն, որ փոխարժեքի տատանողականությունը նորմալ երևույթ է»,– ասաց նա։

 

586