Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը և Չեռնոգորիայի նախագահ Միլո Ջուկանովիչի հանդիպումների արդյունքներն ամփոփել են զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների համար հայտարարություններով: Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի հայտարարությունը. «Ինձ համար մեծ պատիվ է այսօր Երևանում հյուրընկալել մեր բարեկամ երկրի՝ Չեռնոգորիայի նախագահին՝ իմ հարգարժան գործընկեր Միլո Ջուկանովիչին: Նախագահ Ջուկանովիչի հետ փոխըմբռնման մթնոլորտում հանգամանալից քննարկեցինք հայ-չեռնոգորյան երկկողմ փոխշահավետ հարաբերությունները ընդլայնելու և ամրապնդելու հեռանկարներն ու գործնական քայլերը: Վերահաստատեցինք երկուստեք պատրաստակամությունն այդ հարցում: Հատուկ անդրադարձ կատարվեց երկկողմ տնտեսական համագործակցության խորացման և առևտրաշրջանառության ծավալների ավելացման հնարավորություններին: Արձանագրեցինք, որ զբոսաշրջության և ՏՏ ոլորտներում առկա է համագործակցության մեծ ներուժ և պատրաստակամություն հայտնեցինք ամեն կերպ աջակցելու դրա իրացմանը: Այդ համատեքստում անդրադարձանք նաև արդյունաբերության, առողջապահության, վերականգնվող էներգիայի ոլորտներում փոխգործակցության հեռանկարներին: Ուրախ եմ արձանագրել, որ Չեռնոգորիայի նախագահի պատվիրակության կազմում ընդգրկված է նաև Պոդգորիցայի քաղաքապետը: Երևանն ու Պոդգորիցան դեռ 1978թ.-ին ստորագրել են համագործակցության մասին համաձայնագիր, և մենք նախագահ Ջուկանովիչի հետ պայմանավորվածություն ձեռք բերեցինք աջակցել երկու մայրաքաղաքների իշխանություններին՝ համագործակցությանը նոր թափ հաղորդելու հարցում: Իմ գործընկերոջ հետ քննարկեցինք, տարածաշրջանում կայուն խաղաղություն հաստատելուն ուղղված Հայաստանի ջանքերը: Ուրախությամբ եմ արձանագրում երկկողմ, միջազգային և տարածաշրջանային հարցերի շուրջ մեր տեսակետների ընդհանրությունը: Հատուկ ընդգծվեց հայ ռազմագերիների անհապաղ հայրենադարձության անհրաժեշտությունը և այլ հրատապ մարդասիրական հարցերի շուտափույթ լուծումը, այդ թվում՝ Արցախում և Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող հայկական մշակութային կոթողների պահպանման անհրաժեշտությունը: Հարգարժա՛ն պարոն նախագահ, կրկին շնորհակալ եմ անկեղծ քննարկումների համար»: 

1192