Վարակիչ հիվանդությունների որոշ հայտնի մասնագետներ հորդորում են Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը ավելի արագ գործողություններ ձեռնարկել՝ ավելի քան 20 երկրում տարածված կապիկի ծաղիկի աճող բռնկումը զսպելու համար: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է «Ռոյթերս» գործակալությունը։

Նրանք պնդում են, որ կառավարությունները և Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը չպետք է կրկնեն COVID-19 համաճարակի բռնկման ժամանակ գործած սխալները, ինչը նպաստեց վիրուսի տարածմանը:

Թեև վարակն այնքան փոխանցվող կամ վտանգավոր չէ, որքան COVID-ն, գիտնականներն ասում են, որ պետք է ավելի հստակ ուղեցույց լինի, թե ինչպես պետք է մեկուսացվի կապիկի ծաղիկով վարակված անձը, մշակվեն ավելի հստակ խորհուրդներ, թե ինչպես պաշտպանել վտանգի տակ գտնվող մարդկանց և կատարելագործված թեստավորում ապահովվի հավանական վարակակիրներին հայտնաբերելու համար:.

«Եթե սա էնդեմիկ դառնա (ավելի շատ երկրներում), մենք կունենանք ևս մեկ տհաճ հիվանդություն և ստիպված կլինենք շատ դժվար որոշումներ կայացնել», - ասել է Շվեյցարիայի Զարգացող վիրուսային հիվանդությունների Ժնևի կենտրոնի պրոֆեսոր Իզաբել Էքերլը:

ԱՀԿ-ի որոշումը, որ բռնկումը գլոբալ առողջապահական արտակարգ իրավիճակ է, ինչպես եղավ COVID-ի կամ Էբոլայի դեպքում, կօգնի արագացնել հետազոտությունը և ֆինանսավորումը հիվանդությունը զսպելու համար:

«Դա քննարկման փուլում է, բայց դեռևս չկա արտակարգ կոմիտեի օրակարգում», - թեմայի վերաբերյալ ասել է ԱՀԿ-ի առողջապահական արտակարգ իրավիճակների ծրագրի տնօրեն Մայք Ռայանը:

Այնուամենայնիվ, փորձագետներն ասում են, որ քիչ հավանական է, որ ԱՀԿ-ն շուտով նման եզրակացության գա: Էքերլը կոչ է արել ԱՀԿ-ին խրախուսել երկրներին ավելի համակարգված և խիստ մեկուսացման միջոցներ ձեռնարկել նույնիսկ առանց արտակարգ դրություն հայտարարելու:

1295