Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում օրեր առաջ ավարտվեց տարվա կարևոր իրադարձություններից մեկը՝ բռնցքամարտի տոնը։

Եվրոպայի առաջնությունն իր հերթին անցկացվեց ամենաբարձր մակարդակով և ըստ միջազգային ֆեդերացիայի անդամների՝ նման կազմակերպված առաջնություն դեռևս տեղի չէր ունեցել իր պատմության մեջ։ Հիշեցնեմ, որ 1995 թվականից ի վեր Հայաստանում այն առաջինն էր։ 

Հայաստանի հավաքականից առաջնությանը պայքարեցին 13 բռնցքամարտիկ բոլոր 13 քաշային կարգերում։ Սակայն միայն չորսին հաջողվեց կանգնել պատվո հարթակին՝ 57 կգ, 63․5 կգ, 86 կգ և 92 կգ քաշային կարգերում։  

Առաջնությունը լի էր անակնկալներով ու թեժ պահերով, կռիվներով ու նույնիսկ նստացույցերով։ Այո, պարզվում է՝ սպորտում նույնպես գոյություն ունի բողոքի ակցիա, բայց ոչ միշտ է այն օգնում։ 92 կգ քաշային Նարեկ Մանասյանի և Իսպանիայի ներկայացուցիչ Էմանուել Ռեյես Պլայի եզրափակիչ փուլ հասնելու մենամարտը մրցավարները անարդար դատեցին և հաղթանակը տվեցին իսպանացուն։ Ինչից հետո Մանասյանը Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահի և մարզիչների հրահանգով հրաժարվեց լքել ռինգը։ Հայաստանի բողոքի ակցիային միացավ նաև Ուկրաինայի հավաքականը՝ բարձրաձայնելով, որ իրենց մարզիկի պարտությունը Անգլիայի ներկայացուցչի հետ մենամարտում անարդար մրցավարության հետևանք է: Այնուհետև ժամեր անց Հայաստանի հավաքականը հասկացավ, որ բողոքի ակցիան անիմաստ է և լքեց ռինգը, իսկ Ուկրաինայի հավաքականը շարունակում էր դեռ պայքարել։ Նրանք էլ հաջողության չհասան և հանձնվեցին։ 

Այսպիսով 92 կգ քաշային Նարեկ Մանասյանը նվաճեց Եվրոպայի բրոնզե մեդալը։ 

Ռինգի մրցավարը անարդար էր նաև մեկ այլ հայ մարզիկի՝ գերծանր քաշային Դավիթ Չալոյանի նկատմամբ։ Կիսաեզրափակիչ հասնելու ճանապարհին մրցավարը կանգնեցրեց Դավիթ Չալոյանի և իսպանացի Այուբ Ղադֆանի մենամարտը առաջին ռաունդի երկրորդ րոպեին։ Առաջին ռաունդում իսպանացի բռնցքամարտիկը սկսեց հարվածներ հասցնել Չալոյանին, ինչից հետո մրցավարը բացեց հաշիվը ու շարունակեց մենամարտը։ Սկսած երկրորդ րոպեից հայ մարզիկը ենթարկվեց նոկդաունի։  Մրցավարը կրկին բացեց հաշիվը և դադարեցրեց մենամարտը։ Ինչից հետո Չալոյանի երկրպագուները և հանդիսատեսը զայրացան ուի սկսեցին շշեր նետել մրցավարի և ռինգի կողմը։ Մրցավարի արդյունքի հետ համաձայն չէին հավաքականի գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանը և մարզիչ Ռուդիկ Մկրտչյանը։ 

Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան բողոքարկեց ռինգի մրցավարի որոշումը։ Սակայն նույնպես մնաց անարդյունք։ 

Գերծանր քաշային Դավիթ Չալոյանը նույնպես համաձայն չէր մրցավարի որոշման հետ և Araratnews.am-ի հետ զրույցում այսպես մեկնաբանեց մենամարտը․ «Մրցավարի որոշումը ճիշտ չէր։ Երկրորդ հարվածը չպետք է հաշվեր կամ եթե հաշվում էր, չպետք է հաներ։ Առաջին հարվածը մի քիչ ծանր էր, բայց դրանից հետո վերականգվում էի, իսկ երկրորդ հարվածի նոկդաունը անիմաստ էր հաշվելը»։

Հայաստանում ազգային օրհներգը հնչեցրեց 63․5 կգ քաշային, օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի չեմպիոն Հովհաննես Բաչկովը։ Նա գրանցեց պատմական արդյունք՝ դառնալով Եվրոպայի առաջնության եռակի չեմպիոն։ Եզրափակչում ոսկե մեդալի համար պայքարեց Ֆրանսիայից Լունես Համրաունի հետ և հաղթեց 5:0 հաշվով:

57 կգ Արթուր Բազեյանը եզրափակչում 3։2 հաշվով պարտվեց Բելգիան ներկայացնող Վասիլ Ուստուրոյին։ Բազեյանը նվաճեց Եվրոպայի առաջնության արծաթե մեդալը։ Առաջին ռաունդում նա 4։1 հաշվով առաջ էր, երկրորդ ռաունդում նույնպես առավելություն ուներ, բայց, ցավոք, երրորդ ռաունդում պարտվեց 0։5 հաշվով։ Հայաստանի հավաքականի մարզիչներն ու ֆեդերացիան կրկին համաձայն չէին մրցավարների որոշման հետ։ 

Արթուր Բազեյանը  Araratnews.am-ի թղթակցի հետ զրույցում մեկնաբանեց իր ելույթները Եվրոպայի առաջնությունում. «Նախամրցումային շրջանում շատ լավ էինք պատրաստվել։ Ամենակարևորը՝ հիանալի տրամադրված էի ելույթներիս ժամանակ և փորձեցի անեմ հնարավոր և անհնարը, որպեսզի լավ հանդես գամ ի պատիվ մեր հայրենիքի։ Թուրքի հետ մենամարտին վստահ էի, որ կհաղթեմ։ Միայն այդ նպատակով էի ռինգ դուրս եկել։ Ի դեպ, այդ մենամարտի ժամանակ շատ օգնեց մեր հայրենակիցների աջակցությունը դահլիճից։ Դա ոչ միայն իմ հաղթանակն էր, այլև բոլորիս»։ 

86 կգ քաշային Ռաֆայել Հովհաննիսյանը 4։0 հաշվով զիջեց վրացի Գեորգի Կուշինաշվիլուն և նույնպես նվաճեց Եվրոպայի արծաթե մեդալը։ 

Լավ մարտ ցույց տվեցի, արեցի ամեն ինչ ոսկե մեդալը նվաճելու համար։ Araratnews.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Ռաֆայել Հովհաննիսյանը։ 

«Առաջին մենամարտս բուլղարացի մարզիկի հետ էր։ Նրան վաղուց գիտեի՝ հին մարզիկ էր, բացի դա՝ 31 տարեկան էր։ Իր հետ մենամարտում ամեն ինչ շատ ճիշտ էի հաշվարկել մարզիչներիս հետ և հենց այդպես էլ եղավ։ 2-րդ հակառակորդս բելգիացի Վիկտորն էր՝ աշխարհի մեդալակիր։ Բավականին ծանր էր մենամարտս,  բայց նույնպես կարողացա առավելություն ունենալ ռինգում, մանավանդ 3-րդ ռաունդում։ 3-րդ մրցակիցս լեհ էր։ Արդեն 2 մենամարտ արել էի, շատ լավ էի ինձ զգում, ամեն ինչը լավ տեսնում էի և նույնպես 3 ռաունդներում շատ բարձր առավելություն ունեի։ Իսկ եզրափակիչս տարիքով և փորձառու մարզիկի հետ էր։ Գեորգի Կուշինաշվիլին ժամանակին Ռուսաստանն էր ներկայացնում։ Ենթադրում եմ, որ լավ մարտ ցույց տվեցի, արեցի ամեն ինչ ոսկին նվաճելու համար, բայց այսօր ունենք այն, ինչ ունենք՝ Եվրոպայի մեծահասակների փոխչեմպիոն»,- ասաց նա։

Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Հովսեփյանը մամուլի ասուլիսի ժամանակ 57 կգ քաշային Արթուր Բազեյանին պարգևատրեց ոսկե մեդալով և գոտիով։ Արթուրը մրցավարության սխալ դատավարության արդյունքով նվաճել էր Եվրոպայի առաջնության արծաթե մեդալը։ 

Հավաքականի գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանը գոհ է տղաներից․ «Մեր թիմը Բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահի  շնորհիվ նախապատրաստական փուլում չի ունեցել ոչ մի խնդիր։ Մենք սպասում էինք ավելի շատ մեդալների, բայց գոհ եմ բոլոր տղաներից։ Բոլոր տղաները արել են այն, ինչի ունակ են եղել և պայքարել են ոսկին նվաճելու համար»։ 
Նա նշեց, որ 4 մեդալ երբեք չի եղել Եվրոպայի առաջնությանը։ «Իմ հաշվարկով, մենք պետք է նվաճեինք 6 մեդալ, որից երկուսը պետք է ոսկե լինեին։ Մրցակցային անհասկանալի շատ բաներ տեղի ունեցան»։ 

Բացման պաշտոնական արարողությանը ներկա էին ՀՀ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը, բարձրաստիճան պաշտոնատար անձինք, Բռնցքամարտի եվրոպական կոնֆեդերացիայի (EUBC) նախագահ Իոաննիս Ֆիլիպատոսը և Բռնցքամարտի միջազգային ֆեդերացիայի (IBA) նախագահ Ումար Կրեմլյովը․ ՀԲՖ նախագահ Հովհաննես Հովսեփյանը, մարզասերները և այլք։ 

Բացման պաշտոնական արարողությանը հանդես եկավ երգչուհի Իվետա Մուկուչյանը։ 

Եվրոպայի առաջնության կիսաեզրափակիչ և եզրափակիչ փուլերի մենամարտերը դիտելու էր եկել  ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ընտանիքի հետ։ Ինչպես նաև վարչապետը պարգևատրել է 86 կգ քաշային մարզիկներին։ 

Պարգևատրման արարողությանը մասնակցեցին նաև ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, ՀՀ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը, ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը, ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը, ԿԳՄՍ փոխնախարար Կարեն Գիլոյանը և Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Հովսեփյանը։ 

Բռնցքամարտի եվրոպական կոնֆեդերացիայի (EUBC) նախագահ Իոաննիս Ֆիլիպատոսը ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանին և ԿԳՄՍ փոխնախարար Կարեն Գիլոյանին պարգևատրեց Եվրոպայի առաջնությունը բարձր մակարդակով կազմակերպելու և անցկացնելու համար։ 

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնության բացման պաշտոնական արարողությունը։ 

Լուսանկարներ՝ օր առաջին։ 

Լուսանկարներ՝ օր երկրորդ։ 

Լուսանկարներ՝ օր երրորդ։

Լուսանկարներ՝ օր չորորդ։ 

Լուսանկարներ՝ օր հինգերորդ։

Լուսանկարներ՝ եզրափակիչ փուլ։

Լուսանկարներ՝ հայացքների փոխանակում։

Թագուհի Մանուկյան

1111