ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժնում քննություն է տարվում՝ ոստիկանության ծառայողներին առերևույթ ծանր վիրավորանք հասցնելու և բռնություն գործադրելու, ոստիկանի ծառայողական զենքին և հատուկ միջոցներին տիրանալու փորձի  բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: Այս մասին հայտնում են ՔԿ-ից։

Նախնական տվյալներով, 2022թ. հունիսի 3-ին՝ ժամը 18:15-ի սահմաններում, ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի ծառայողները Ստեփանավան համայնքի Ուրասար բնակավայրում, վարչական իրավախախտում կատարելու համար, կանգնեցրել են «Վազ 2106» մակնիշի ավտոմեքենան, որից հետո պարզվել է, որ նշված ավտոմեքենայի վարորդը գտնվում է ակնհայտ ոչ սթափ վիճակում:

Ոստիկանները, օրենքով սահմանված կարգով, նախաձեռնել են վերջինիս սթափության վիճակի ստուգման գործընթաց, ինչը նկատել են հիշյալ ավտոմեքենայի վարորդի համագյուղացիները և խոչընդոտել իրենց ծառայողական պարտականությունները կատարող ոստիկաններին. վիճաբանել են նրանց հետ, հայհոյել, ձեռքերով և ոտքերով հարվածներ են հասցրել ոստիկանների մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ ու ֆիզիկական ցավ, պատռել են ծառայողական համազգեստները, նրանցից մեկը փորձել է տիրանալ ոստիկաններից մեկին ամրակցված հաշվեցուցակային զենքին և հատուկ միջոցներին, իսկ մյուսը հարվածել և վնասել է ծառայողական ավտոմեքենաները:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 137.1-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, 34-238-րդ հոդվածի 1-ին մասով, 316-րդ հոդվածի 1-ին մասով: Ոստիկանության հինգ ծառայողներ ճանաչվել են տուժող և հարցաքննվել դեպքի հանգամանքների շուրջ: Միջադեպին մասնակից անձանցից երկուսը ձերբակալվել են:  Նախաքննության ընթացքում առգրավվել են ոստիկանների վնասված համազգեստները, ինչպես նաև՝ վիճաբանության մասնակիցների հագուստները, նշանակվել են դատաբժշկական, դատահետքաբանական և դատաապրանքագիտական փորձաքննություններ: Նախաքննությունը շարունակվում է:

Ձեռնարկվում են միջոցառումներ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, օբյեկտիվ և բազմակողմանի քննություն ապահովելու ուղղությամբ: Հետաքննության մարմնին տրվել են հանձնարարություններ: 

925