Ադրբեջանի գլխավոր գործընկերը Եվրոպայում Մեծ Բրիտանիան է, որի հինական նպատակներից մեկը էներգետիկ անվտանգության ապահովումն է, ուստի նա ակտիվ գործունեություն է ծավալում էներգետիկ ռեսուրսներով հարուստ տարածաշրջաններում և երկրներում։ Այս տրամաբանությամբ էլ երկու երկրները ակտիվ տնտեսական համագործակցության մեջ են, որը կարող է ավելի ակտիվանալ հատկապես Ռուսաստանի էներգառեսուրսների դեմ սահմանված պատժամիջոցների ֆոնին․ սրա արդյունքում Ադրբեջանը իր պաշարներով կարող է որոշակի հետաքրքրություն առաջացնել։

Այս տարի լրանում է Ադրբեջանի և Մեծ Բրիտանիայի միջև դիվանագիտական ​​հարաբերությունների հաստատման 30-ամյակը։ Երկու երկրները բազմիցս են հայտարարում իրենց ամուր համագործակցության ու միմյանց համար կարևոր գործընկեր լինելու մասին։

Խորհրդային Միության փլուզումից հետո Մեծ Բրիտանիան առաջիններից էր, որ 1991 թվականի դեկտեմբերին ճանաչեց Ադրբեջանի անկախությունը և ջանքեր գործադրեց, որպեսզի Ադրբեջանը հարաբերություններ հաստատի ԵՄ-ի հետ։ Ինչպես ադրբեջանցի շատ փորձագետներ են նշում՝ «․․․Ադրբեջանի համար Մեծ Բրիտանիայի հետ հարաբերություններն ավելի մեծ նշանակություն ունեն, քան ցանկացած այլ եվրոպական երկրի հետ»։

Ընդհանուր առմամբ երկկողմ հարաբերությունները բաժանվում են երեք փուլի՝

Սկզբնական շրջան. Այս փուլը սկսվում է սառը պատերազմի վերջին տարիներից մինչև 1993-ի կեսերը։ Այս ժամանակահատվածում երկու երկրների միջև հատատվեցին երկկողմ դիվանագիտական հարաբերություններ, իրականացվեցին British Petroleum-ի և Մեծ Բրիտանիայի բարձրաստիճան պաշտոնյաների այցեր Ադրբեջան:

Երկրորդ շրջան. Մեծ Բրիտանիայի և Ադրբեջանի միջև հարաբերությունների երկրորդ շրջանը սկսվեց Հեյդար Ալիևի իշխանության գալուց հետո։ Երկկողմ հարաբերությունների ուղենիշը եղավ 1993 թ-ին Բաքվում Մեծ Բրիտանիայի դեսպանատան և 1994 թ-ին Լոնդոնում՝ Ադրբեջանի դեսպանատան բացումը։ Այսօրվա երկկողմ տնտեսական հարաբերությունների հիմքերը դրվել են հենց այս ժամանակ։ Այս ընթացքում տեղի ունեցավ Մեծ Բրիտանիայի եւ Ադրբեջանի գործարար շրջանակների ծանոթությունը, բրիտանական կապիտալի ներգրավումը Ադրբեջանում, նավթի եւ բնական գազի ոլորտում Մեծ Բրիտանիայի փորձի օգտագործումը եւ տնտեսական կապերի ամրապնդումը։ 1994 թ. փետրվարին Ալիեւի առաջին պաշտոնական այցը Մեծ Բրիտանիա դարձավ հարաբերությունների խորացման առաջին քայլը։

Երրորդ փուլ. Երկրորդ շրջանում ստորագրված նավթագազային համաձայնագրերը «Դարի պայմանագրի» գլխավորությամբ դարձան հիմնարար քայլեր Ադրբեջանի համար համաշխարհային տնտեսությանը ինտեգրվելու համար։ Ադրբեջանի էներգետիկ քաղաքականությունը համաձայնեցվել է երկրի արտաքին քաղաքականության հետ։ Հեյդար Ալիևի երկրորդ պաշտոնական այցը Մեծ Բրիտանիա փոխեց երկկողմ հարաբերությունները։ Այցի ընթացքում ստորագրվեց «Ադրբեջանի Հանրապետության և Մեծ Բրիտանիայի միջև բարեկամության և համագործակցության մասին համատեղ հռչակագիրը», որը ներառում է Ադրբեջանի տնտեսության ազատականացման նպատակով համագործակցության խորացում, էներգետիկ ոլորտում համապարփակ գործընկերություն։

Մեծ Բրիտանինան համարվում է Ադրբեջանում ամենաշատ ներդրումներ կատարող երկրներից մեկը։ 30 տարիների ընթացքում Միացյալ Թագավորությունը Ադրբեջանի տնտեսության մեջ ներդրել է 30,6 միլիարդ դոլար, որից 28,8 միլիարդ դոլարը՝ էներգետիկ ոլորտում։

2021 թվականին Ադրբեջանի տնտեսությունում օտարերկրյա ուղղակի ներդրումները կազմել են 4 մլրդ 795,271 մլն դոլար։ 2021 թվականի վճարային հաշվեկշռի տվյալների համաձայն՝ նավթագազային ոլորտում ներդրվել է օտարերկրյա ուղղակի ներդրումների 83,5%-ը (2020 թ.՝ 86,6%), իսկ ոչ նավթային հատվածում օտարերկրյա ուղղակի ներդրումների ծավալը կազմել է $790,3 մլն (աճը՝ 30,5%)՝ 16,5% տեսակարար կշռով։

Ադրբեջանի տվյալներով՝ երկրում գործում է մոտ 600 բրիտանական ընկերություն։

Ընդհանուր առմամբ՝ 2020 թվականին Մեծ Բրիտանիան Ադրբեջան է արտահանել 448 մլն դոլարի ապրանք։ Մեծ Բրիտանիայի կողմից Ադրբեջան արտահանվող հիմնական ապրանքներն են գազային տուրբինները (182 մլն դոլար), կափույրները (28,9 մլն դոլար) եւ ավտոմեքենաները (25,9 մլն դոլար):

Վերջին 25 տարիների ընթացքում Միացյալ Թագավորության արտահանումը Ադրբեջան տարեկան հաշվարկով ավելացել է 13,4%-ով՝ 1995 թվականի 19,4 մլն դոլարից հասնելով 448 մլն դոլարի ՝ 2020 թվականին:

2020 թ. Ադրբեջանը Մեծ Բրիտանիա Է արտահանել 156 մլն դոլարի չափով ապրանք։ Հիմնական ապրանքները, որոնք Ադրբեջանը արտահանել է Մեծ Բրիտանիա, եղել են հում նավթը (138 մլն դոլար), նավթամթերքը (8,82 մլն դոլար) եւ ալյումինե ծածկույթները (1,14 մլն դոլար): Վերջին 25 տարիների ընթացքում Ադրբեջանի արտահանումը Մեծ Բրիտանիա տարեկան կտրվածքով աճել է 12,1 տոկոսով՝ 1995 թվականի 9,05 մլն դոլարից 2020 թվականին հասնելով 156 մլն դոլարի:

ՄԱԿ-ի ապրանքների առևտրի վիճակագրության տվյալների բազայի համաձայն՝ նշենք, որ երկու երկրների միջև ապրանքաշրջանառությունը 2021 թվականին կազմել է 667,8 դոլար։ Ընդհանուր շրջանառությունից ադրբեջանական արտահանումը Մեծ Բրիտանիա կազմել է 396,6 մլն դոլար, իսկ ներմուծումը՝ 271,1 մլն դոլար։

Ադրբեջանում հիմնական ներդրողը «British Petroleum» անդրազգային ընկերությունն է, որը 1992 թ-ին Բաքվում բացել է իր առաջին գրասենյակը: Իսկ արդեն 1994 թ-ին «Դարի պայմանագրով» ընկերությունը շատ մեծ հնարավորություններ ստացավ ադրբեջանական էներգետիկայի ոլորտում։ Չնայած բազմաթիվ խոսակցություններին՝ 2017 թվականի սեպտեմբերի 14-ին այս պայմանագիրը երկարաձգվեց մինչև 2050 թվականը՝ երկարացնելով և ամրապնդելով BP-ի ներկայությունը Կասպից ծովում մինչև 2050 թվականը։ Թարմացված գործարքով վերանայեց նավթի պաշարների բաշխումը, իսկ BP-ն շարունակեց հանդես գալ որպես հիմնական օպերատոր: SOCAR-ի մասնաբաժինը այս պայմանագրում 11%-ից հասել է 25%-ի։ Այնուամենայնիվ, BP-ի մասնակցությունը ադրբեջանական նավթային նախագծերին Կասպից ծովում շարունակեց ավելի կարևոր դեր խաղալ, և ադրբեջանական նավթի ազգայնացման ցանկացած հեռանկար, որը պահանջվում էր երկրի բնակչության կողմից, այժմ ամբողջությամբ վերացվել է:

BP-ի կապիտալ ծախսերը Ազերի-Չիրագ-Գյունեշլ, Բաքու-Թբիլիսի-Ջեհյան , Շահ Դենիզ, Հարավկովկասյան նախագծերի աշխատանքում  1995 թվականի գործունեության սկզբից ի վեր կազմել է 84 միլիարդ դոլար։

Ըստ Ադրբեջանի նախագահի հայտարարության՝ այսօրվա դրությամբ BP-ն Ադրբեջանում կառուցել է ութ օֆշորային հարթակ։

Շահ Դենիզ հանքավայրի շահագործման պայմանագրում, որը ստորագրվել է Բաքվում 1996 թվականին, BP-ն ունի   28,8% մասնաբաժին։ 2021 թվականին BP Azerbaijan-ը Կասպից ծովի ադրբեջանական հատվածում գտնվող Շահ Դենիզ հանքավայրից արդյունահանել է 23 մլրդ մ3 գազ։ BP-ին է պատկանում Բաքու-Ջեհյան-Թբիլիսի նավթատարի բաժնեմասերի 30,1%-ը, որն ավելի շատ է, քան ադրբեջանական SOCAR-ինը այն 25 % է: Բաքու-Թբիլիսի-Էրզրում գազամուղի հիմնական բաժնետերը ևս BP-ն է՝ 28.8%։ Իր հերթին TANAP-ը եվրոպական կազմակերպություններից արժանացավ միայն British Petroleum-ի հավանությանը, որը համաձայնեց ներգրավվել այդ ծրագրում` 20% բաժնեմասով։ Նման ծավալով BP-ի ներկայությունը մեծանում է Ադրբեջանիերկրի գազի շուկայում՝ կախվածության մեջ պահելով երկրի էներգետիկ ոլորտը և ոչ միայն։

Ինչ վերաբերում է երկու երկրների միջև ռազմաարդյունաբերական հարաբերություններին, ապա դրանք այդքան էլ ակտիվ չեն եղել՝ հաշվի առնելով, որ Մեծ Բրիտանիան 1992 թ-ին միացել էր ԵԱՀԿ կողմից Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ հայտարարված ոչ պարտադիր էմբարգոյին։ Չնայած դրան, Action on Armed Violence (AOAV) բրիտանական բարեգործական կազմակերպությունը հրապարակել է տվյալներ, ըստ որի՝ Միացյալ Թագավորության կառավարությունը  2014 թվականին վերանայել է այն: Այս որոշումը հաջորդել է Բաքվում կայացած Ադրբեջանի և Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունների միջև շտաբային բանակցություններին, որոնք անցկացվեցին համաձայն երկրների երկկողմ համագործակցության ծրագրի։

Նկարագրելով Հարավային Կովկասը որպես «Մեծ Բրիտանիայի համար ռազմավարական նշանակություն ունեցող տարածք», այն ժամանակ Եվրոպայի հարցերով նախարար Դեյվիդ Լիդինգթոնը խորհրդարանին հայտարարել էր Մեծ Բրիտանիայի արտահանման արգելքը նվազեցնելու ծրագրերի մասին: Կառավարության տվյալները ցույց են տալիս, որ 2010 թվականից Մեծ Բրիտանիայի միջազգային առեւտրի նախարարությունը հավանություն է տվել Ադրբեջանին 85,9 մլն ֆունտ ստեռլինգ արժողությամբ անվտանգության ապրանքների վաճառքին։

Ըստ ԵՄ-ի զենքի արտահանման օնլայն տեղեկատուի՝ Մեծ Բրիտանիան 2013 թ․-ից ի վեր Ադրբեջանին տվել է արտահանման 53 լիցենզիա։ 2013 թ․-ից ներառված տեղեկատվության համաձայն՝ 2014 թ․-ին տրվել է 62,550 եվրոյի լիզենզիա, 2015 թ․-ին՝  140․547 եվրո, 2016 թ․-ին՝ 657,192 եվրո, 2017` 879.461 եվրո, 2019 թ-ին՝ 11,274 եվրո։

Լիցենզիա է տրվել զինամթերքի և ապահովիչների տեղադրման սարքերին, այդ նպատակով մշակված հատուկ բաղադրիչներին, էներգետիկ և փոխկապակցված նյութերին, զրահապատ կամ պաշտպանիչ սարքավորումներին, կոնստրուկցիաներին և բաղադրիչներին, 20 մմ-ից փոքր տրամաչափի հարթ փողային զենքերին, 12.7 մմ և ավելի փոքր տրամաչափի,  մասնագիտացված սարքավորումներ ռազմական պատրաստության  կամ ռազմական սցենարների մոդելավորման տեխնիկայի համար։

Բավականին հետաքրքիր է, որ 2022 թ-ի մարտի 30-ին Ուկրաինայում դեպքերի ֆոնին Մեծ Բրիտանայի պաշտպանության նախարարը մեկօրյա ացով ժամանել է Ադրբեջան, որտեղ քննարկել են ռազմական ոլորտում համագործակցության ընդլայնումը, ինչպես նաև հայ-ադրբեջանական հարաբերությունները և Ուկրաինայի իրավիճակը։

Ինչ վերաբերում է Մեծ Բրիտանիայում Ադրբեջանի սփյուռքին, ապա այն փոքր է։ Համաձայն 2013 թվականի Ազգային վիճակագրության գրասենյակի գնահատումների, որոնք հիմնված են աշխատուժի հետազոտության վրա, Մեծ Բրիտանիայում կա մոտ 6220 ադրբեջանցի, ովքեր կենտրոնացած են Լոնդոնում։

686