«Կարծում ենք, որ պատգամավորական մանդատը թույլ չի տալիս որեւէ անձի  խուլիգանական վարքագիծ դրսեւորել, դրա կապակցությամբ դիմել ենք ԱԺ»,- այսօր լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում ասաց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը` անդրադառնալով երեկվա միջադեպին, երբ ընդդիմադիր պատգամավորները ներխուժել էին նախարարի աշխատասենյակ ու 44-օրյայում զոհված տղաների մասունքներով պարկերի լուսանկարները նետել գետնին:

«Ես կարծում եմ, որ համապատասխան Էթիկայի հանձնաժողով կստեղծվի ԱԺ-ում ու մանրամասն կքննարկվի այդ վարքագիծը, պատգամավորին ոչ հարիր գործելաոճ ունենալու հանգամանքն ու խստորեն արձագանք կտրվի»:

Լրագրողի հարցին, թե ընդդիմադիր թեւի ներկայացուցիչները չունեին այլընտրանք ԱՆ նախարարին հանդիպելու, ասաց. «ԱԺ-ն բաց է. 2021թ.-ի ընտրությունների արդյունքում ընտրվել են պատգամավորներ եւ նրանք պարտավոր են գալ իրենց աշխատանքի վայր ու հանդիպել նախարարների հետ, ուղղել իրենց հարցերն ու քննդադատությունները, բայց չգիտես ինչու օրենքով սահմանված եւ քաղաքակիրթ երկրներին բնորոշ հարթակները թողած անձինք ոչ թե հանդիպում են ուզում, այլ ուղղակի բեմականացված գռեհիկ շոուներ»,- ասաց նախարարը:

1231