Այսօր՝ հունիսի 14-ին, ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանը ընդունել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին և ՀՀ-ում ՌԴ դեսպանատան խորհրդական Ալեքսանդր Նովիկովին:

Նախարար Փամբուխչյանը, ողջունելով հյուրերին, նախ շնորհավորել է ռուս ժողովրդին ազգային տոնի՝ Ռուսաստանի օրվա կապակցությամբ և շնորհակալություն հայտնել տոնական միջոցառման հրավերի համար:

Հայաստանում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինն իր հերթին շնորհավորել է Արմեն Փամբուխչյանին նախարար նշանակվելու կապակցությամբ և մաղթել հաջողություն:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները կարևորել են հայ-ռուսական համագործակցությունն արտակարգ իրավիճակների, քաղաքացիական պաշտպանության և բնական աղետների հետևանքների վերացման ոլորտներում։ Անդրադարձ է կատարվել նաև ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի գործունեությանը, ընդգծվել է դրա կարևորությունն ու զարգացման ներուժի հնարավորությունները:

ԱԻ նախարարը ՌԴ արտակարգ և լիազոր դեսպանին իր երախտագիտությունն է հայտնել Ռուսաստանի Դաշնության կողմից ՀՀ-ին որպես մարդասիրական օգնություն տրամադրված «Ուազ» մակնիշի 3 միավոր մեքենայի և «Ուրալ» մակնիշի 6 հրշեջ-փրկարարական ավտոմեքենայի համար:

Արմեն Փամբուխչյանն ընդգծել է ՀՀ ԱԻՆ պատրաստակամությունը համագործակել ռուսական կողմի հետ տարբեր ծրագրերի շրջանակներում՝ ինչպես գործնական, այնպես էլ կրթական ոլորտներում։

379