ԱԺ-կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ ՔՊ խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանն անդրադարձավ դրամի արժևորմանը։ Նախորդ տարվա համեմատ դրամը դոլարի նկատմամբ արժևորվել է 20 տոկոսով։

«Եթե փոխարժեքը կայունանա հենց այս միջակայքում, հնարավո՞ր է, որ էլեկտրաէներգիայի ու գազի սակագների վերանայման և իջեցման հնարավորություն լինի, որովհետև իրենց հաշվարկների մեջ հենց մեծ դեր ունի փոխարժեքը»,- հարցրեց Թունյանը։ Ըստ նրա՝ նախկինում, երբ դրամն արժեզրկվել է, այդ ընկերությունները սովորաբար դիմել են Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով՝ սակագները դեպի վերև վերանայման հայտով։

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ի պատասխան ասաց, որ սակագներում փոխարժեքի ազդեցությունը հաշվարկված է, և դրամի արժևորվումը, բնականաբար, հաշվարկների մեջ պետք է մասնակից լինի։ «Այլ հարց է, թե ինչքանո՞վ է այս իրավիճակը ֆունդամենտալ, երկարատև։ Իրոք, չի բացառվում, որ սա երկարատև միտում է այլևս, և նույնիսկ բյուջեով նախատեսված փոխարժեքի կամ սակագնային գործառույթներում որոշված կամ հիմք ընդունված փոխարժեքի համեմատությամբ, այո, սա արժևորված փոխարժեք է։ Եթե այլ բաղադրիչներով հավելյալ ճնշումներ չլինեն, վստահ եմ, որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը տարվա կտրվածքով այս հարցին կանդրադառնա»,- ասաց Մհեր Գրիգորյանը։

361