Ադրբեջանը փորձում է  շրջափակման մեջ պահել Հայաստանը։ Այս մասին այսօր, պատասխանելով լրագրողների հարցին, ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Անդրադառնալով գերիների հարցին՝ նա նշեց, որ  Ադրբեջանը իր խոստումը չի կատարել։

«Ապրիլի վեցի հանդիպման ժամանակ Ադրբեջանի նախագահը ԵՄ խորհրդի նախագահի ներկայությամբ խոստացել է, որ գերիներ ազատ կարձակվեն, բայց հաջորդ մեր հանդիպմանը արձանագրեցինք, որ այդ խոստումը չի կատարվել»,- ասաց նա և նշեց, որ արձանագրվեց, որ խոստում հնչել է, որ խոստում չի կատարվել։

 «Ադրբեջանի ղեկավարը փորձեց ինձ վերագրել խոստում, թե ես էլ ինչ–որ բան եմ խոստացել, մասնավորապես՝ տարածաշրջանի կոմունիկացիաների երթուղու հետ կապված, թե իբր խոստում եմ տվել, որ կներկայացնեմ  երթուղու  վերաբերյալ կոնկրետ կոորդինատներ, բայց այդպիսի խոստում ես բնականաբար չեմ տվել, քանի որ մեր դիրքորոշումը հետևյալն է, որ մենք երթուղիներ կսկսենք  քննարկել այն բանից հետո, երբ որ իրավական կարգավորումների շուրջ կգանք ընդհանուր հայտարարի»,–ասաց նա։

Նիկոլ Փաշինյանն ասաց, որ, իր կարծիքով, գերիներին չվերադարձնելու քաղաքականությունը նպատակ ունի վարկաբեկել խաղաղապահների գործունեությունը։ «Որովհետև այսօր հաստատված գերեվարված անձանց իննսուն և ավելի տոկոսը գերեվարվել են ռուս խաղաղապահների տեղակայումից հետո և նրանց պատասխանատվության գոտում»,- ասաց նա և նշեց, որ դա սկզբունքային  հարց է։ Նա վստահեցրեց, որ հետևողական են լինելու գերիների վերադարձի հարցում։

Անդրադառնալով  մեր գերեվարված քաղաքացիների թվի վերաբերյալ հարցին՝ վարչապետն ասաց, որ  տարբերակում է երկու խումբ։ «Խումբ, որոնց վերաբերյալ Ադրբեջանի իշխանությունը և միջազգային  կազմակերպությունները հաստատում են, որ այդ մարդիկ գտնվում են Ադրբեջանում գերեվարված, նրանց թիվը 38 է, և մենք ունենք երկրորդ ցուցակ, որը կազմել ենք հետևյալ տրամաբանությամբ. եթե որևէ տեղեկություն եղել է, որ նրանք գտնվում են գերության մեջ, մենք ցուցակում ընդգրկել ենք այդ անունները, որ հետագայում հաստատման ուղղությամբ միջոցներ ձեռնարկենք, բայց այս պահի դրությամբ հաստատում չենք ստացել մյուս ցուցակի վերաբերյալ, որ նրանցից մեկը գտնվում է գերության մեջ»,- ասաց նա։

 

 

820