Մեր հիմնական աշխատանքային քննարկումները ռուսաստանցի մեր գործընկերների հետ են, որովհետև կրկին եռակողմ հայտարարության հիման վրա միջանցքը պետք է լիարժեք գտնվի ռուս խաղաղապահների վերահսկողության ներքո. երթուղու փոփոխություն պետք է տեղի ունենա այն բանից հետո, երբ ռուս խաղաղապահները վերահսկողություն կսահմանեն այդ նոր երթուղու նկատմամբ: Այս մասին այսօր Հանրային հեռուստաընկերությունում պատասխանելով լրագրողների հարցին՝ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

 Անդրադառնալով Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման հնարավորության  հարցին՝ վարչապետն ասաց, որ եթե  հիմա ասի, որ հնարավորություն չկա, հարց կառաջանա, որ այդ դեպքում ինչու համար են  բանակցում:

«Եթե բանակցում ենք, ապա որոշակի ըմբռնում կա, որ դա հնարավոր է իրագործել, հնարավոր է քայլ-քայլ, փոքր քայլերով գնալ առաջ: Մենք մտածում ենք, որ կա հնարավորություն, և տրամադրված ենք ամեն ինչ անել այդ հնարավորությունն օգտագործելու և օգտվելու համար»։

Ինչ վերաբերում է  Թուրքիայից անընդհատ նշվող՝ Զանգեզուրի միջանցքի մասին հայտարարություններին, վարչապետն ասաց. «Դա  խոչընդոտում և նեգատիվ ֆոն է ստեղծում, ինչպես նաև հայտարարություններ են հնչեցվում, որոնք այնքան էլ օգտակար չեն պրոցեսի համար, բայց դա չի նշանակում, որ մենք այդ հայտարարություններից հետո դադարեցնելու ենք երկխոսությունը»։

785