ԱԺ ընդդիմությունից մի պատգամավոր իրեն իրավունք է վերապահում, երևի շփոթել է, որ ինքը այլևս չի զբաղեցնում գերատեսչության ղեկավարի կամ Գլխավոր շտաբի պաշտոնը, զանգել է զինվորականներից մեկին՝ մասնավորապես գլխավոր զինկոմին, և ինչ-որ հարցադրումներ է արել, թե ինչ իրավունքով եք զորակոչում ընդդիմության երիտասարդներին: Այս մասին այսօր Ազգային ժողովում իր ելույթում ասաց ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը:

«Ժողովուրդ, դուք ՀՀ քաղաքացի եք, թե՞ ոնց, ճիշտ է ասվում՝ Երևանում երկիրը պաշտպանելը, փրկելը իհարկե հեշտ է, երբ դա կատարվում է փափուկ, հանգիստ, բայց իհարկե չեք փրկում, փորձում եք մեզ մղել դեպի անորոշություն և մեր երկիրը տանել դեպի անորոշություն»,- ասաց նա:

Նախարարը նշեց, որ վերջին մեկ ամիսը հայտարարել է ինժեներական աշխատանքների ամիս, և կոչ արեց  մասնակցել այդ աշխատանքներին: «Այո, գնացեք և մասնակցեք եռամսյա հավաքներին, դուք ՀՀ քաղաքացի եք, ձեր համակիրները ՀՀ քաղաքացիներ են, մեր քաղաքացիներն են, մենք չենք տարանջատում իրենց մեզանից, չենք տարանջատում Հայաստանի քաղաքացիներին իրարից: Ինչ է նշանակում՝ պաշտպանության նախարարն է հրահանգել, եթե նախկինում նման կերպ է եղել,  մեր օրերում այդպես չէ, նախարարը չի կարող զբաղվել նման հարցերով, քանի որ ահագին գործ ունի անելու: Մյուս անգամ իրավունք չվերապահեք ձեզ, կամ քողարկված կոչեր անեք զինվորականներին, որովհետև նման կոչերը ենթադրելու են իրավական պատասխանատվություն, քանի որ իմ ականջին նման կոչեր հասել են»,- ասաց նա:

5779