Փաշինյան-Էրդողան հեռախոսազրույցը ևս մեկ կարևոր քայլ է հարաբերությունների կարգավորման կոնտեքստում։ Անդրադարձ է եղել այն հարցերին, որ քննարկվել են Ռուբինյան-Քըլըչ հանդիպման ժամանակ, օրինակ՝ երրորդ երկրների քաղաքացիների համար սահմանը բացելու մասին: Կարծում եմ՝ հետագայում հնարավորություն կլինի սահմանը բացել նաև ՀՀ և Թուրքիայի քաղաքացիների համար։

Երեկ Հանրային հեռուստաընկերության եթերում այս մասին հայտարարել է Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ խոսելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հեռախոսազրույցին:

Անդրադառնալով ընդդիմության պնդումներին, թե գործընթացը տեղի է ունենում նախապայմանների հիման վրա՝ Արմեն Գրիգորյանը նշել է՝ բոլոր այդ հանդիպումների հաղորդագրություններում հատուկ ասվել  է, որ որևէ նախապայման չկա։ Ինչ վերաբերում է Հայաստանի տարածքով միջանցքի ստեղծման մասին հարցին, ԱԽ քարտուղարը նշել է, որ Հայաստանը բազմիցս հայտարարել է, որ միջանցքը իր համար կարմիր գիծ է, և նման հարց չի քննարկել։

«Ե՛վ Մոսկվան, և՛ Բրյուսելը վերջին մեկ տարվա, նույնիսկ վերջին 6-7 ամսվա ընթացքում հայտարարել են, որ միջանցքային տրամաբանության որևէ հարց երբեք չի քննարկվել»,- ընդգծել է Գրիգորյանը:

Հարցին՝ ինչո՞ւ են Հայաստանի և Թուրքիայի ներկայացուցիչները հանդիպում երրորդ երկրներում, ԱԽ քարտուղարը հույս է հայտնել, որ Փաշինյան-Էրդողան հեռախոսազրույցից հետո այդ հանդիպումները հնարավոր կլինի անցկացնել և՛ Հայաստանում, և՛ Թուրքիայում։

Արմեն Գրիգորյանը նաև նշել է, որ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի մասին Հայաստանը տեղյակ է պահում իր բոլոր գործընկերներին. «Քանի որ Ռուսաստանի Դաշնությունը հենց սկզբից ներգրավված է եղել, նրանք ամբողջ գործընթացից տեղյակ են և իրենց մասնակցությունն են բերում այս հարաբերությունների կարգավորմանը»:

Անդրադառնալով Ադրբեջանի հետ հարաբերություններին՝ ԱԽ քարտուղարը նշել է, որ Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման օրակարգում փակուղի չկա, և որ Հայաստանը շարունակում է աշխատել, որ հնարավոր լինի հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման օրակարգը հնարավորինս արագ առաջ տանել:

ԱԽ քարտուղարը նշել է, որ Հայաստանը պատրաստ է բանակցություններին, և Ադրբեջանի կողմից նման քաղաքական կամքի առկայության դեպքում հնարավոր կլինի ավելի արագ առաջ շարժվել. «Ես կարող եմ ևս մեկ անգամ հրապարակային հաստատել, որ հայկական կողմը միշտ պատրաստ է առարկայական բանակցությունների, և եթե նմանատիպ քաղաքական կամք դրսևորվի, բնականաբար, մենք ավելի շատ արագ առաջ կգնանք»:

917