«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնն ամփոփեց 19-րդ տարեշրջանը: Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանը:
Փակման հանդիսավոր արարողությանը մասնակցել է նաև Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը: Ծիրանառատ կինոտոնը յոթ օր շարունակ նոր շունչ ու թարմություն հաղորդեց քաղաքամայր Երևանի մշակութային կյանքին: Ֆիլմերի ընտրանին հարուստ էր, դրանք դիտելու շտապող կինոսերների պակաս էլ չկար:
Ի դեպ, փառատոնի պատմության ընթացքում առաջին անգամ մշակութային այս կարևոր իրադարձության գլխավոր հովանավորությունը ստանձնեց Երևանի քաղաքապետարանը:
Փառատոնն այս տարի մրցութային 3 ծրագիր ուներ։ Ընդգրկված էին հեղինակային կինոյի 100-ից ավելի լիամետրաժ ու կարճամետրաժ ֆիլմեր, այդ թվում՝ Կաննի, Բեռլինի և միջազգային այլ փառատոներին ներկայացված ժապավեններ: Ժյուրիի աշխատանքը որքան բարդ, նույնքան էլ պատասխանատու էր: Բեմում մրցանակակիրներն են:
«Ոսկե ծիրան»-ի այս տարվա ծրագրով հատուկ անդրադարձ կար Արցախյան 44-օրյա պատերազմին. փառատոնային շաբաթվա ընթացքում ներկայացվեց տարբեր երկրների կողմից նկարահանված 5 ֆիլմ: Հենց դրանցից մեկով՝ Կարին Հովհաննիսյանի «Չտեսնված հանրապետություն» ֆիլմի ցուցադրությամբ էլ փակվեց կինոփառատոնը: