Կառավարությունն այսօր հերթական նիստին որոշում կայացրեց փոփոխություն կատարել ինտենսիվ այգիների հիմնման աջակցության ծրագրում: Նախագիծը ներկայացրեց Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը և նշեց, որ նախագծի  նպատակն է բարձրացնել ծրագրի շրջանակում տրամադրվող ֆինանսական միջոցների նպատակային օգտագործման մակարդակը, ջրային ռեսուրսների օգտագործման արդյունավետությունը, 2023 թվականի հունվարի 1-ից նվազեցնել ծրագրի շրջանակում տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման և այգեհիմնման համար տրամադրվող փոխհատուցման չափերը:

Այսպիսով նա պարզաբանեց, որ ինտենսիվ այգիների մշակման ծրագիրն օպտիմալացնում ենք: «Այս ծրագիրը բավական հաջող է ընթանում, և մեր պլանավորած տարեկան 1000 հա ինտենսիվ այգու փոխարեն մենք անցած տարի ունենք 1669.22 հա ինտենսիվ այգու հայտ։ Այս տարի արդեն 900 հա-ի հայտ ունենք, և դա մեզ թույլ է տալիս փոքր-ինչ մեղմացնել մեր օժանդակության պայմանները. այսինքն՝ նախկին 2 տոկոս էֆեկտիվ վարկային տոկոսադրույք ապահովելու փոխարեն այժմ մենք մի փոքր ավելի քիչ ենք սուբսիդավորելու և ապահովելու ենք 5 տոկոս վարկային տոկոսադրույք, իսկ նախկին 50 տոկոս քեշբեքը դառնալու է 30 տոկոս: Այս փոփոխության իմաստն այն է, որ նույնիսկ ավելի մեղմ սուբսիդավորմամբ մենք վստահ ենք, որ հետաքրքրությունը կմնա բավականաչափ բարձր, և մենք կկարողանանք ավելի քիչ հանրային ռեսուրսներ օգտագործելով հասնել մեր դրած թիրախներին»,- ասաց նա:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց, որ տարեկան առնվազն 1000 հա ինտենսիվ այգու տնկում ունենալը իրենց կուսակցության նախընտրական թեզերից մեկն էր: Նա հայտնեց, որ արդեն ընտրության տարում՝ 2021 թվականին, 1600 հա-ի չափով այգետնկման ծրագիր է հաստատվել և իրականացվել: «Մեր տրամաբանությունը հետևյալն է. մենք միշտ ասել ենք, որ պետական սուբսիդավորման ծրագրերի կարևոր գործառույթը որևէ ուղղություն տեղից շարժելն է, և երբ տեսնում ենք, որ այդ ուղղությունը պատշաճ արագություն է ստանում, այդ միջոցներն արդեն պետք է վերաբաշխենք այլ ուղղություններով, որտեղ դեռ ընթացքը ցանկալի մակարդակի չէ»,-ասաց նա:

Վարչապետը, անդրադառնալով տնտեսական աճին, ասաց, որ թեև  տնտեսական ակտիվության ցուցանիշն անցել է 10 տոկոսը,  այսինքն՝ ունենք  երկնիշ տնտեսական ակտիվության ցուցանիշ, բայց մյուս կողմից գյուղատնտեսության ոլորտում ունենք խնդիրներ՝ գյուղատնտեսական արտադրանքի անկում: «Մեծ հաշվով այստեղ անակնկալ չկա, և մենք գիտենք՝ ինչ է պետք անել այդ վիճակագրությունը փոխելու համար, և այդ ուղղություններից մեկն ինտենսիվ այգեգործության խթանումն է, ոռոգման համակարգերի զարգացումը. հետագայում անդրադարձ կունենանք հողերի խոշորացման ծրագրին, լիզինգի ծրագրերին, որպեսզի ժամանակակից տեխնիկա մտնի մեր վարելահողեր»,- ասաց նա:

 

 

734