Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն երեքշաբթի օրը բանակցություններ է վարել ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ՝ միջազգային անվտանգության մոսկովյան 10-րդ համաժողովի շրջանակներում, որի ընթացքում քննարկել է ռուս խաղաղապահների գործունեությունը Լեռնային Ղարաբաղում։
«Մենք քննարկելու բան ունենք, կան ավանդական հարցեր՝ կապված մեր ռազմատեխնիկական և ռազմական համագործակցության հետ, և, իհարկե, մեր խաղաղապահ զորախմբի գործունեության հետ կապված հարցեր, որոնք առաջադրանքներ են կատարում Լեռնային Ղարաբաղում։ Մենք, ինչպես և Դուք, վստահ ենք, որ հիմնական կայունացնող գործոնը հրադադարն է շփման գծի ողջ երկայնքով»,- բանակցությունների ժամանակ ասել է ՌԴ ռազմական գերատեսչության ղեկավարը։

Շոյգուն նաև շնորհակալություն է հայտնել հայաստանցի իր գործընկերոջը՝ Միջազգային բանակային խաղերի բացմանը և «Բանակ-2022» միջազգային ռազմատեխնիկական ֆորումին, ինչպես նաև միջազգային անվտանգության մոսկովյան համաժողովի աշխատանքներին մասնակցելու հնարավորության համար։
Սուրեն Պապիկյանն իր հերթին նշել է, որ այսօրվա հանդիպումն արդեն երկրորդն է տարեսկզբից, ինչը ցույց է տալիս հայ-ռուսական երկկողմ դաշնակցային համագործակցության բարձր մակարդակը։
«Այս հանդիպումը շատ կարևոր է մեզ համար: Մենք բարձր ենք գնահատում հայ-ռուսական համագործակցության ձեռք բերված մակարդակը, ինչպես նաև Ռուսաստանի ներկայությունը Հարավային Կովկասում»,- ասել է ՀՀ ՊՆ ղեկավարը:
 

954