Քրեական ոստիկանության գլխավոր վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչությունում ստացվել է օպերատիվ տեղեկություններ, որ Երևանի 38-ամյա մի բնակիչ զբաղվում է ապօրինի թմրավաճառությամբ։

Այս մասին հայտնեցին ՀՀ ոստիկանությունից, ձեռնարկվել են  մի շարք ծավալուն միջոցառումներ՝ նրան հայտնաբերելու և հանցափաստի մեջ մերկացնելու ուղղությամբ։
Քրեական ոստիկանության ծառայողների միջոցառումներին միացել են նաև ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Շենգավիթի բաժնի քրեական հետախույզները։
Օգոստոսի 16-ի կեսօրին մայրաքաղաքի Շահամիրյանների փողոցում ձերբակալվել և, «Օպել» մակնիշի մեքենայով հանդերձ, բաժին են բերվել երեք տղամարդ՝ երեքն էլ 39 տարեկան: Նրանցից երկուսի մոտ հայտնաբերվել են ներարկիչներ` սուբուտեքսի հեղուկի նմանվող զանգվածով: Ըստ նրանց` հայտնաբերվածը թմրամիջոց էր: «Օպելը» տեղափոխվել է  բաժնի պահպանվող հատուկ տարածք:
Շենգավիթի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակներում էլ ոստիկանները շարունակել են գործողությունները: Մոտ երկու ժամ անց Բագրատունյաց պողոտայում նրանք ձերբակալել և նախաքննական մարմին են ներկայացրել 59-ամյա ևս տղամարդու, որի աձնական խուզարկությամբ հայտնաբերվել է երկու փաթեթ` մեկի մեջ սուբուտեքս, մյուսի մեջ` մեթամֆետամին:
Միջոցառումները շարունակվել են և մեկ ժամից Արցախի փողոցում ձերբակալվել են և իրենց վարած «Օպելով» հանդերձ քննչական բաժին են ներկայացվել 40-ամյա և 54-ամյա 2 տղամարդ: 40-ամյա տղամարդու մոտ կար երկու ներարկիչ՝ մեկը թափանցիկ հեղուկով: Հայտնաբերվել է նաև գաղտնի փականով դանակ: Ըստ տղամարդու`հայտնաբերվածը սուբուտեքս էր` իր օգտագործման համար: Բացի այդ, նա հայտնել է, որ մեքենայում նույնպես կա սուբուտեքս տեսակի թմրամիջոց։ Մեքենան օգոստոսի 20-ին, դատարանի որոշմամբ, խուզարկվել է, և հայտնաբերվել է թմրամիջոցը։
Տղամարդկանց ձերբակալելուց հետո ոստիկանները Չեխովի փողոցում ձերբակալել են և, իր վարած «Նիսանով» հանդերձ, քննչական բաժին ներկայացրել ևս մեկ գնորդի, որի մոտ հայտնաբերվել են սրվակներ, ներարկիչներ ու սուբուտեքսի կես դեղահաբ: Ժամը 16.10-ին Բագրատունյաց պողոտայի 3-րդ նրբանցքում ձերբակալվել և, իր վարած «Օպելով» հանդերձ, քննչական բաժին էներկայացվել 38-ամյա մի տղամարդ: Ըստ նախնական տվյալների` հենց նա է թմրամիջոցներ իրացնողը: Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է սուբուտեքսի կես դեղահաբ: Նա ձերբակալվել է, ապա կալանավորվել և տեղափոխվել «Արմավիր» ՔԿՀ։

Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

886