Նախորդ շաբաթ Երեւանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ժամանակ հրապարակվել էին տվյալներ, որ մեկ շաբաթվա ընթացքում շների կծման 45 դեպք է արձանագրվել մայրաքաղաքում:

Երեւանի քաղաքապետարանի «Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն» ՀՈԱԿ-ը այսօր նոր հայտարարություն է տարածել, որով տեղեկացրել է, որ մայրաքաղաքում արձանագրված կծվածության դեպքերի մոնիթորինգի արդյունքում պարզվել է, որ կծման դեպքերը հիմնականում տանը պահվող շների դեպքում են արձանագրվել:

«Ըստ հավաքագրված տվյալների՝ օգոստոսի 29-ից սեպտեմբերի 4-ի ժամանակահատվածում արձանագրված 41 կծման դեպքերից միայն 17-ն է թափառող շների կողմից: «Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն» ՀՈԱԿ-ը մշտադիտարկում է իրականացնում նշված հասցեներում՝ անհրաժեշտ միջոցառումներ իրականացնելու նպատակով»,- ասվում է հայտարարության մեջ:

Նկատենք, որ օրերս լրատվամիջոցներից մեկը գրել էր՝ թափառող շները չեն վնասազերծում՝ մեղադրելով ՀՀ վարչապետին, թե նա ՀՈԱԿ-ի ստեղծումը որպես ձեռքբերում է ներկայացնում, այնինչ այն արդյունավետ չի գործում:

522