Սեպտեմբերի 10-ին, Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում մեկնարկում է ըմբշամարտի Աշխարհի առաջնությունը:

Ազատ և հունահռոմեական ոճի ըմբիշները մեկ շաբաթ կպայքարեն տարվա կարևորագույն ստուգատեսում: Առաջնությունն Օլիմպիական խաղերի համար վարկանիշային չէ, բայց ՕԽ-ից առաջ կարևոր առաջնություն է, փոխանցում է armsport-ը:

Ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի կազմում Հաբեթնակ Կուրղինյանի գլխավորությամբ մրցավայր են մեկնելու Մանվել Խնձրցյանը (57 կգ), Արսեն Հարությունյանը (61 կգ), Վազգեն Թևանյանը (65 կգ), Արման Անդրեասյանը (70 կգ), Հրայր Ալիխանյանը (74 կգ) և Արման Ավագյանը (79 կգ):

Հաբեթնակ Կուրղինյանի խոսքով՝ իրենց գլխավոր խնդիրն Աշխարհի առաջնությունում լավ հանդես գալն է․ «Տղաները լավ մարզավիճակում են, ցանկացած գոտեմարտում պայքարելու են հաղթանակի համար։ Նրանք արդեն ապացուցել են իրենց բարձր կարգը միջազգային մրցաշարերում։ Դժվար է կանխատեսումներ անելը, բայց վստահ եմ՝ ավելի լավ հանդես կգանք, քան Աշխարհի նախորդ առաջնությունում։

Այս մեկ տարվա մեջ դրական մի շարք փոփոխություններ են տեղի ունեցել, ինչի մասին վկայում են նաև այս ընթացքում կայացած Եվրոպայի առաջնությունում, միջազգային մրցաշարերում և ուսումնամարզական հավաքներում գրանցած արդյունքները։ Նախորդ տարվա համեմատ իրենց վիճակն ավելի լավ եմ գնահատում։ Տղաների հնարավորությունները հիմա ավելի բարձր եմ գնահատում։ Թե ինչպիսին կլինի իրավիճակը մեդալների առումով, ժամանակը ցույց կտա»։

Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի կազմում էլ ընդգրկված կլինեն Ռուդիկ Մկրտչյանը (55 կգ), Գևորգ Ղարիբյանը (60 կգ), Հրաչյա Պողոսյանը (63 կգ), Սլավիկ Գալստյանը (67 կգ), Մալխաս Ամոյանը (77 կգ), Կարապետ Չալյանը (82 կգ), Արթուր Ալեքսանյանը (97 կգ) և Դավիթ Օվասափյանը (130 կգ)։ Թիմն Աշխարհի առաջնությանն առաջին անգամ մասնակցելու է Արմեն Բաբալարյանի գլխավորությամբ։

Բաբալարյանի խոսքով իրենք այս ընթացքում փորձել են բարձրացնել ըմբիշների ֆիզիկական մակարդակը կամ պահել եղածը:

«Իմ ոճին բոլոր տղաները ծանոթ են՝ մեծից մինչև ամենափոքրը: Ես էլ գիտեմ, թե ամեն մեկի հետ ինչպես աշխատել, մրցման փուլում ինչ հոգեբանական վիճակում են, ինչի են ընդունակ կամ էլ ինչն է պակասում: Գիտեմ, թե որքան ժամանակ ու ինչ է պետք ամեն առանձին ըմբիշի իր լավագույն վիճակին հասցնելու համար»,- ասել է Բաբալարյանը:

Հունահռոմեականներից վնասվածքներից ապաքինվում է Արթուր Ալեքսանյանը: Օլիմպիական խաղերի չեմպիոն, Եվրոպայի հնգակի ու աշխարհի եռակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը նախորդ տարվա առաջնությունը բաց էր թողել վնասվածքի պատճառով: Տոկիոյի Օլիմպիական խաղերում ստացած վնասվածքից հետո Ալեքսանյանն առաջին լուրջ մրցաշարին է մասնակցում: Վնասվածքներ ունեն նաև Սլավիկ Գալստյանը և Գևորգ Ղարիբյանը: Այդուհանդերձ, Բաբալարյանի գնահատմամբ ըմբիշները լավ վիճակում են և պատրաստ են առաջիկա ստուգատեսին:

Նշենք՝ Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան ավելի վաղ ներկայացրել է Բելգրադում կայանալիք Աշխարհի առաջնությունում հունահռոմեական ոճի ըմբիշների շրջանում մեդալների հիմնական հավակնորդներին: Հայաստանի հավաքականից միջազգային ֆեդերացիան առանձնացրել է Մալխաս Ամոյանին (77 կգ), Սլավիկ Գալստյանին (67 կգ) և Արթուր Ալեքսանյանին (97 կգ):

Նախապատրաստվելով առաջիկա ստուգատեսին՝ ազատ և հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականները վերջին մարզումներն են անցկացրել Օլիմպավանում:

 

1267