Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ մասնակի զորահավաք հայտարարելուց հետո, որը մեկնարկել է սեպտեմբերի 21-ից, մեծ թվով ՌԴ քաղաքացիներ են գալիս Հայաստան։ «Ռուսաստանի պաշտպանության, նրա ինքնիշխանության և ամբողջականության պաշտպանության համար անհրաժեշտ եմ համարում աջակցել մասնակի զորահավաքի առաջարկին»,- ասել է Պուտինը։
Կրասնոդարի երկրամասի տարածաշրջանային հայկական ազգային-մշակութային ինքնավարության նախագահի տեղակալ Սիրուշ Թումանյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշել է, որ թեև խուճապ չկա, բայց Կրասնոդարի հայերից շատերը, այս իրադարձությունների ֆոնին, ցանկանում են վերադառնալ Հայաստան. «Կոնկրետ թվեր չեմ կարող ասել, բայց Հայաստան վերադառնալ ցանկացողները շատ են: Բայց ճիշտ չի լինի ասել, թե խուճապային տրամադրություններ են: Հայերը հիմնականում ասում են՝ եթե պետք է գնանք կռիվ, ավելի լավ է գնանք մեր Հայաստանի համար կռվենք: Բայց չկան այդպիսի մարդիկ, որոնք ասեն՝ ուզում ենք այստեղ գնանք, պայքարենք, կռվենք: Ոչ մեկն էլ չի ուզում գնալ պատերազմ, բոլորն էլ ուզում են, որ խաղաղ լինի երկիրը: Քանի որ Ադրբեջանի հետ հարաբերությունները շատ լարված են, շատերը կան, որ ասում են՝ ուզում ենք գնալ մեր հայրենիքի համար պայքարել»,- ասել է նա:
Սիրուշ Թումանյանի խոսքով՝ Կրասնոդարում հակապատերազմական ցույցեր չկան, ինչպես օրինակ՝ Յակուտիայում, Դաղստանում. «Ցույցեր չկան: Փողոցից մարդկանց չեն բռնում տանում: Մեզ մոտ նման դեպք չի եղել, առնվազն մեր ծանոթների, բարեկամների հետ նման դեպքեր չեն պատահել: Դե ընդհանրապես, այստեղի ժողովուրդը չի ուզում, որ կռիվ լինի, դրա համար պայքարում են, որ չլինի»:
Ինչ վերաբերում է դեպի Հայաստան ավիատոմսերի անհավատալի բարձր գներին, նա նշել է, որ ոչ միայն Մոսկվայից, նաև Կրասնոդարից են տոմսերը բավական թանկացել. «Ով ուզեցել է գնալ, արդեն գնացել է, ով չի ուզեցել՝ չի գնացել: Այո, իհարկե շատ թանկ են տոմսերը, ու, բնականաբար, դա դժգոհություն է առաջացնում»,- ասել է Սիրուշ Թումանյանը: