ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի այցը Հայաստան հակառուսական չի եղել, պետք չէ հակառուսական կոնտեքստ տալ․ այցը եղել է հայ-ամերիկյան հարաբերությունների խորացմանն ուղղված քայլ, և պետք չէ թերագնահատել ալդ քայլը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ընթացքում:

«Տրամաբանության շարքը չեմ կարող հասկանալ․ Ներկայացուցիչների պալատի խոսնակի այցը ի՞նչ կապ ունի որևէ տրամադրության հետ: Ամերիկյան պաշտոնայները միշտ էլ գալիս են Հայաստան»,- նկատեց Փաշինյանը:

Վարչապետը նշեց, որ Փելոսիի պատվիրակությունը Հայաստան չի եկել ինչ-որ մեկի դեմ:

«Արդյոք քննարկվե՞լ են  հայ-ամերիկյան հարաբերությունների ակտիվացման հարցերը, այո, իհարկե, քննարկվել են: Հիշեցնեմ, որ 2019 թվականին Հայաստան-ԱՄՆ ռազմավարական երկխոսություն է սկսվել: Նկատի ունեմ, սա պետք չէ ընկալել, որպես առանձին վերցրած իրադարձություն: Բայց մյուս կողմից ակնհայտ է, որ այդ այցը շատ կարևոր և մեծ իրադարձություն էր: Ինչո՞ւ, որովհետև Նենսի Փելոսին երբևէ Հայաստանի Հանրապետություն այցելած ԱՄՆ ամենաբարձրաստիճան պաշտոնյան է: Ուզում եմ ուշադրության հրավիրել, որ այցը ոչ թե տարածաշրջանային էր, այլ հատկապես այց էր Հայաստանի Հանրապետություն: Ասվեց նաև, որ դա գնահատանք է Հայաստանի ժողովրդավարությանը: Չէի ուզենա, որ այցին հակառուսական կոնտեքստ տանք, որովհետև այն հակառուսական չի եղել»,- եզրափակեց Փաշինյանը:

1200