Կառավարությունն իր այսօրվա՝ դեկտեմբերի 15-ի նիստում հավանություն տվեց «Հայաստանի Հանրապետության կառավարության և Կատարի Պետության կառավարության միջև կրթության, բարձրագույն կրթության և գիտական հետազոտությունների ոլորտներում համագործակցության վերաբերյալ» համաձայնագրին:

Որոշման հիմնավորման մեջ ասվում է, որ այյս համաձայնագրի ուժի մեջ մտնելը կնպաստի հանրակրթության, բարձրագույն կրթության, գիտության և հետազոտության բնագավառներում երկու երկրների միջև համագործակցության հաստատմանը և կապերի ամրապնդմանը:

Կողմերն իրենց ընդհանուր հետաքրքրությունների շրջանակներում կնպաստեն կրթական համակարգի գործունեության զարգացմանը՝ համագործակցելով դպրոցների կառավարման, ուսուցիչների վերապատրաստման ու մասնագիտական զարգացման, սովորողների կրթական կարիքների համար աջակցության, դասավանդման կիրառվող կամ մշակված տեխնոլոգիական գործիքների փոխանակման և այլ ուղղություններով:

Համաձայնագիրը կնպաստի դպրոցական աշակերտների և ուսուցիչների պատվիրակությունների փոխադարձ այցելությունների իրականացմանը, դպրոցական՝ գիտական, կրթական, գեղարվեստական եւ գրական համատեղ ցուցահանդեսների կազմակերպմանը:

Համաձայնագրի ուժի մեջ մտնելը կնպաստի նաև Հայաստանի և Կատարի ուսումնական հաստատությունների և գիտահետազոտական ինստիտուտների միջև անմիջական կապերի հաստատմանն ու զարգացմանը, երկու երկրների ուսումնական հաստատությունների կողմից տրված վկայականների և դիպլոմների ակադեմիական ճանաչման և տեղեկատվության փոխանակման ոլորտում համագործակցության ընդլայնմանը, ինչպես նաև ձեռք բերված արդյունքների, գիտական և կրթական տեղեկատվության փոխանակմանը:

Համաձայնագրի կիրարկման հետ կապված հարցերի կարգավորման նպատակով նախատեսվում է կողմերի համապատասխան գերատեսչությունների հավասար թվով ներկայացուցիչներից կազմված կոմիտե ստեղծել, որը հանդիպումներ կկազմակերպի ըստ անհրաժեշտության: 

406