ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Կալիֆոռնիայում խոշոր բնական աղետ է հայտարարել, քանի որ վերջինը փոթորիկների շարանից է, որը հարվածել է նահանգին՝ սաստիկ ջրհեղեղներ բերելով արդեն հեղեղված շրջաններին, հայտնում է AFP-ն։
«Հորդառատ անձրեւների ալիքները շարունակում են հարվածել Կալիֆոռնիային», - Twitter-ում հայտնել է Եղանակի ազգային ծառայությունը (NWS)․ «Հորդառատ անձրեւները կշարունակվեն՝ առաջացնելով ջրհեղեղների եւ սելավների/սողանքների վտանգ։ Երթեւեկությունը վտանգավոր է լեռնային առատ ձյան եւ Կալիֆոռնիայից Կոլորադո ճանապարհի ձնահյուսի պատճառով»:
Ֆելթոն քաղաքի մեծ մասը ջրի տակ է անցել:
Բայդենը հայտարարել է, որ Կալիֆոռնիա նահանգում մեծ բնական աղետ կա եւ հրամայել է դաշնային օգնություն տրամադրել՝ լրացնելու նահանգների, ցեղերի եւ տեղական ինքնակառավարման մարմինների ջանքերը՝ վերականգնելու ձմեռային ուժեղ փոթորիկներից, ջրհեղեղներից, սողանքներից եւ սելավներից տուժած տարածքները, ասվում է Սպիտակ տան տարածած հայտարարության մեջ։
Հռչակագրի համաձայն, դաշնային ֆինանսավորումը հատկացվում է տուժածներին օգնելու համար, ներառյալ ժամանակավոր բնակարանները եւ վերանորոգման աշխատանքները:
Հայտնի է, որ վերջին երեք շաբաթվա ընթացքում աղետի հետեւանքով առնվազն 19 մարդ է մահացել։
Կալիֆոռնիայի նահանգապետ Գեւին Նյուսոմը բնակիչներին նախազգուշացրել է, որ նրանք դեռեւս ապահով չեն:
Պաշտոնական տվյալների համաձայն՝ մոտ 26 միլիոն Կալիֆոռնիայի բնակիչներ գտնվում են ջրհեղեղների վտանգի տակ, իսկ տասնյակ հազարավոր բնակիչներ շարունակում են տարհանման հրամաններ եւ առաջարկություններ ստանալ:
Կալիֆոռնիայում ավելի քան 16 հազար տուն հոսանքազրկվել է կիրակի օրը ժամը 08:00-ի սահմաններում, ըստ poweroutage.us-ի: