ՀՀ Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է «Հանրակրթության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին հայաստանի հանրապետության օրենքի նախագիծը։ Սույն նախագիծը բխում է «Հանրակրթության մասին» օրենքի որոշ դրույթներում կարգավորումներ և հստակեցում կատարելու անհրաժեշտությունից: 

Ուսումնական հաստատություններում առկա մի շարք խնդիրներից է ուսուցչի թափուր տեղը չհամալրվելու հարցը։ Հանրակրթության մասին օրենքի փոփոխություններում կարգավորում տրվեց վարչական աշխատողների դասավանդման խնդրին՝ հաշվի առնելով տնօրենի և տեղակալի վրա դրված բովանդակային պատասխանատվությունը, պաշտոնեական պարտականությունների ծավալը, փոքր համակազմ ունեցող դպրոցներում ուսուցիչների չլրացող դրույքաչափը: Օրենքի 25-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված կարգավորումը խմբագրվել է՝ թյուրըմբռնումներից խուսափելու համար: Կարգավորվել է Օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի 6.1-ը՝ ուսումնական հաստատության տնօրենին և համակարգողին նշանակելու և պայմանագիր կնքելու իրավասությունների առումով: Ուսուցչի թափուր տեղի համալրման և վարձատրության բարելավման հիմնավորմամբ մինչև 100 աշակերտ ունեցող հաստատությունների վարչական աշխատողներին հնարավորություն է տրվում դասավանդելու նաև այլ հաստատությունում։ Օրենքի փոփոխություններով անհարկի ներառված լիազորող նորմերը խմբագրվել են, որով հնարավոր կլինի տարընթերցումներից խուսափել: 

371