Հադրութի շրջանում Մեծ Թաղեր և Տող գյուղերում 300 հազար խաղողի վազ և գինու գործարան կորցնելուց հետո  գործարար Սամվել Գրիգորյանը չի հրաժարվել խաղողագործությունից: 44-օրյա պատերազմի հետևանքով այգին կորցնելուց հետո պայմանավորվածություն է ձեռք բերել և սկսել է նոր այգու ստեղծման վրա աշխատել: 

«Արմենպրես»-ի հետ զրույցում գործարար Գրիգորյանը նշեց՝ փոխվել է այգու աշխարհագրությունը, բայց, քանի դեռ Արցախում է, շարունակելու է այգիներ ստեղծել: Նրա խոսքով՝ արդեն 7 տարի է, ինչ  զբաղվում է խաղողագործությամբ և այդ գործում պրոֆեսիոնալ է, գործը կիսատ թողնելու կարիք չի տեսնում: Նոր այգին Ծաղկաշատ համայնքի տարածքում է: 

«Դիմել ենք Արցախի ղեկավարությանը, քննարկել ենք ու այգին վերականգնելու շուրջ համաձայնության ենք եկել: Տեղն ընտրել ենք, խոստացել են ցանկացած քայլում աջակցել: Հադրութի շրջանում մենք 240 աշխատատեղ էինք բացել, պատերազմի հետևանքով խոշոր տնտեսական վնասներ կրածների շարքում ենք»,- ասաց գործարարը: 

Տեղն ընտրված է, պետությունը հողատարածքը գերակա շահ է ճանաչել: Ներկայացված բիզնես ծրագրի շրջանակներում ֆինանսավորվելու են խաղողի 200 հազար վազից բաղկացած այգու և 300 հազար շիշ հզորությամբ գործարանի ստեղծման չափով: Ընդհանուր ներդրումները կազմելու են 3.5 մլն ԱՄՆ դոլար: 

«2021 թվականի սեպտեմբերի մեկին տնկել ենք առաջին սյունը: Այսօրվա դրությամբ արդեն ունենք 100 հազար խաղողի վազ, որոնք ներմուծել ենք Ֆրանսիայից: Ունենք խաղողի 5 տեսակ` Pinot noir, Merlot, Cabernet Sauvignon, Cabernet franc և Syrah, որոնք նաև օգտագործվելու են որակյալ գինիներ ստեղծելու նպատակով»,- ասաց Գրիգորյանը: 

Այգու առաջին բերքը ստանալու են 2024 թվականին, որի ընթացքում պատրաստվում են նաև գինու գործարանը կառուցել: Ամփոփելով խոսքը՝ Սամվել Գրիգորյանը շեշտում է՝ քանի դեռ այդ հողի վրա են, շարունակելու են այգիներ հիմնել:

353