Մեր ցանկացած ուղևորի խնդիրների լուծմամբ թերևս ամենաշահագրգիռը FlyOne Armenia ընկերությունն է: Այս մասին Araratnews.am-ի հետ զրույցում ասաց  FlyOne Armenia  ավիաընկերության տնօրենների խորհրդի նախագահ Արամ Անանյանը՝ անդրադառնալով «Հրապարակ»-ի հոդվածին, ըստ որի՝ երկու ուղևոր, որոնք  FlyOne Armenia ընկերությունից օգտվել են, կորցրել են իրենց ուղեբեռը:

Արամ Անանյանը վստահեցրեց, որ երկու դեպքն էլ ուսումնասիրել են, և հրապարակումը փաստական ճշգրտումների կարիք ունի: «Ուղևորներից մեկի ուղեբեռը ժամկետի մեջ հայտնաբերվել է և վերադարձվելու է ուղևորին: Երկրորդ ուղևորի հետ կապված, ուղևորին ներկայացվել է այն ընթացակարգը, որով ինքը պետք է շարժվի, մեր զանգերի կենտրոնը պարբերաբար կապի մեջ է եղել ուղևորի հետ և առկա ընթացակարգով պրոցեսը շարունակվում է»,- ասաց նա և նշեց, որ բոլոր զանգերը ձայնագրվել են:

«Ցանկացած դեպքում մենք այդ խնդիրները լուծելու ենք, քանի որ յուրաքանչյուր ուղևորի հարց մեզ համար առաջնային է: Ավելին ասեմ, որ ցանկացած նմանօրինակ դեպք, անկախ նրանից, թե կստանա հանրային հնչեղություն, թե ոչ, ավիաընկերության կողմից խորապես ուսումնասիրվում է: Աշխարհում ամեն օր տասնյակ հարյուրավոր, հազարավոր նման դեպքեր են լինում, երբ մեկի ուղեբեռը ուշանում է, դրա համար կան հստակ տեխնիկական ընթացակարգեր: Կարծում եմ, որ տեխնիկական մանրամասների անհարկի քննարկում և շահարկում է տեղի ունենում»,- ասաց նա:

Արամ Անանյանը հայտնեց, որ արդեն տեղափոխել են հինգ հարյուր հազար մարդու և խնդիրը կապված է եղել մեկ օդանավակայանի հետ: «Որքան էլ մեզ համար անցանկալի են  նման դեպքերը, բայց  որևէ  ավիաընկերություն ապահովագրված չէ դրանից: Խնդիրը վերաբերում է բացառապես մեկ օդանավակայանի, ավիաընկերության համապատասխան ծառայություններն  աշխատում են մեր գործընկերների հետ՝ հետասյու նման դեպքերը բացառելու ուղղությամբ: Ուշացած կամ կորսված ուղեբեռի վերադարձը սովորական ընթացակարգ է, ծագող հարցերի լուծման համար կա վերադարձի և փոխհատուցման հստակ մեխանիզմ: FlyOne Armenia-ն՝ որպես պատասխանատու ավիաընկերություն, իրականացնելու է ազգային, միջագային օրենսդրությամբ ստանձնած իր պարտավորությունները յուրաքանչյուր ուղևորի առաջ: Ուղեբեռը կամ գտնում են, կամ փոխհատուցում են, մենք էլ անելու ենք նույնը»,- ասաց նա:

 

654