Հաագայում՝ ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում  հայկական կողմը ներկայացրել  է միջանկյալ միջոց կիրառելու մասին իր հայտը՝ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով։

Գործի շրջանակներում ելույթ ունեցավ Հայաստանի հայցը ներկայացնող փաստաբաններից Լոուրենս Մարտինը, որը հայտարարեց, որ Ղարաբաղի հայերի կյանքը վտանգված է, եթե չլինեն Միջազգային դատարանի անհապաղ գործողությունները։

Նա ներկայացրեց մի շարք փաստեր այն մասին, որ ճանապարհը փակողները ամենևին էլ էկոակտիվիստներ չեն։

Նշվեց, որ համացանցում կան բազմաթիվ տեսանյութեր և լուսանկարներ, որտեղ երևում է, թե ինչպես են էկոակտիվիստ ներկայացող անձինք ցույց տալիս գորշ գայլի նշանը։ Փաստաբանը ցույց տվեց այդ լուսանկարներից մեկը։ Այնուհետև ներկայացրեց տեսանյութ, որում երևում է, թե ինչպես է «էկոակտիվիստներից» մեկը երգում «թող այս լեռները նորից տեսնեն գորշ գայլերին»՝ տեսանյութի վերջում նորից ցույց տալով գորշ գայլերի նշանը։

Դատապաշտպանը նշեց, որ սույն էկոակտիվիստների՝ հայերի նկատմամբ ատելության խոսքի  տարածման բազմաթիվ օրինակներ կան։ Որպես օրինակ նա ցուցադրում է էկոակտիվիստներից մեկի թևկապի վրայի գրությունը, որում նշված է՝ «Հայեր, մի վազեք։ Այսպես թե այնպես՝ դուք մեռնելու եք ուժասպառ»։

Ելույթի սկզբում դատապաշտպանը ներկայացրեց ադրբեջանցի իսկական էկոակտիվիստի ֆեյսբուքյան գրառումը, որում նշված էր. «Պարզից էլ պարզ է, որ Ղարաբաղում էկոակտիվիստները հորինված են։ Մինչև այսօր ես չեմ տեսել որևէ մեկը անհանգստանա բնապահպանական խնդիրներով»։


«2020 թվականի 44-օրյա պատերազմի ընթացքում Ադրբեջանի կողմից գրավված տարածքներից բռնի տեղահանվել են տասնյակ հազարավոր էթնիկ հայեր և ոչ ոք չի կարողացել վերադառնալ իր տուն։ Լեռնային Ղարաբաղի հայերի էթնիկ բնակչությունը գրեթե ամբողջությամբ կտրված է արտաքին աշխարհից եւ զրկված է սննդի, դեղորայքի եւ կենսական անհրաժեշտության այլ իրերի հասանելիությունից: Առանց դատարանի անհապաղ գործողությունների՝ նրանց կյանքին վտանգ է սպառնում։ Ադրբեջանն անում է հնարավոր ամեն ինչ՝ տարածաշրջանում մնացած էթնիկ հայերի կյանքն անտանելի դարձնելու համար։ Նրանք հարձակվել են հայկական գյուղերի վրա՝ խախտելով հրադադարի պայմանագիրը։ Նրանք բռնի կերպով տեղահանել են բնակիչներին (գրավյալ տարածքներից- խմբ.), բազմիցս արգելափակել են գազի, բջջային կապի եւ ինտերնետի հասանելիությունը»,- նշեց Լոուրենսը։

Նա նաև հավելեց, որ այժմ Ղարաբաղում մնացել է մոտ 120 հազար էթնիկ հայ։

«Նրանք Հայաստանի եւ արտաքին աշխարհի հետ կապված են միակ միջանցքով՝ Լաչինի միջանցքով, որն այժմ փակ է։ Այդ ուղղությամբ թռիչքներ նույնպես չեն իրականացվում, քանի որ «Ադրբեջանը սպառնում է խոցել ցանկացած ինքնաթիռ»,- նշեց փաստաբանը։

Ելույթ ունեցավ նաև Հայաստանի հայցը ներկայացնող մեկ այլ փաստաբան՝ Կոնստանտինոս Սալոնիտիսը, որը շեշտեց կրկին, որ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով ստեղծված մարդասիրական ճգնաժամը շարունակվում է և կշարունակվի, եթե ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանը հրատապ կերպով չմիջամտի: 

Կոնստանտինոս Սալոնիտիսը իր ելույթը սկսեց կանխակալ վերաբերմունքի մասին, որը կաող է ազդել դատական վարույթում քննվող իրավունքների վրա։

«Դատարանը իրավունք ունի միջանկյալ միջոցներ կիրառել, եթե կանխակալ վերաբերմունքի հետևանքով կարող են տուժել դատական վարույթում քննվող իրավունքները, կամ, եթե այդ իրավունքների ոտնահարումը կարող է անուղղելի հետևանքներ առաջացնել։

Սալոնիտիսը հիշեցրեց, որ բոլոր նախկին գործերում, որոնց շրջանակում Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին կոնվենցիայի հնարավոր խախտում է եղել, դատարանը կոնվենցիայի 5-րդ հոդվածով նախատեսված իրավունքները ճանաչել է այնպիսին, որ դրանց նկատմամբ կանխակալ վերաբերմունքը կարող է անուղղելի վնաս պատճառել: Նա տարբեր օրինակներ բերեց. օրինակ՝ Կատարն ընդդեմ Արաբական Միացյալ Էմիրությունների գործով դատարանն արձանագրել է, որ կանխակալությունը կարող է անուղղելի համարվել, եթե անձանց նկատմամբ կիրառվում են ժամանակավոր կամ շարունակվող միջոցներ, որոնց հետևանքով նրանք կտրվում են ընտանիքից և կրում են հոգեբանական տառապանք:

«Սույն միջնորդությամբ պահանջելով միջանկյալ միջոց՝ Հայաստանը ձգտում է պաշտպանել էթնիկ հայերի իրավունքները՝ կոնվենցիայի 5-րդ հոդվածի բ, դ, ե ենթակետերով, 4-րդ կետով, նաև  Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին կոնվենցիայի 2-րդ հոդվածով նախատեսված հանգամանքները: Ադրբեջանն այս հանգամանքներով վտանգել է հայության՝ հազարավոր մարդկանց անվտանգությունը, նրանց զրկել տեղաշարժի ազատությունից և սիրելի մարդկանց հետ լինելու իրավունքից, սնունդ, դեղորայք, բուժօգնություն, կրթություն, ջեռուցում, էլեկտրաէներգիա ստանալու իրավունքներից՝ ցրտաշունչ ձմեռվա ամիսներին: «Դատարանը հիմքեր չունի վերանայելու իր ձևավորած նախադեպային պրակտիկան՝ կոնվենցիայի 5-րդ հոդվածի հիման վրա կամ  իրավունքների հնարավոր ոտնահարումների վերաբերյալ ձևավորված դատական պրակտիկան»,- շեշտեց Կոնստանտինոս Սալոնիտիսը:

Ապա Կոնստանտինոս Սալոնիտիսը միջանկյալ միջոցի կիրառումը հիմնավորեց հրատապության գործոնով: Դատարանը հստակորեն հայտնել է, որ միջանկյալ միջոցներ կիրառում է այն դեպքում, երբ կա հրատապություն՝ այն իմաստով, որ կա իրական վերահաս ռիսկ, որ կարող է վնաս պատճառվել նախքան դատարանի կողմից վերջնական որոշման կայացումը, ինչը տեղի է ունեցել ԼՂ շրջափակման այս 50 օրերի ընթացքում: Ապա Կոնստանտինոս Սալոնիտիսը մանրամասն ներկայացրեց փաստեր՝ գազամատակարարման դադարեցումից մինչև դեղերի, սննդի պակաս, դպրոցների, նախակրթարանների փակումից մինչև Հայաստանից ԼՂ բարձրավոլտ հոսանքի միակ գծի վնասում և այլն:

«Իրավիճակը մնում է վտանգավոր: Թևակոխում ենք 50-րդ օրը: Ավելի քան 1000 անձ կտրված է ընտանիքից և ընկերներից, այդ թվում՝ հարյուրավոր երեխաներ: Պատկերացրեք, թե վերջին 50 օրերին ամեն րոպե այդ երեխաները, նրանց ծնողներն ինչ են զգացել:  Քիմիոթերապիա հնարավոր չէ ստանալ, մարդիկ բուժում չեն ստանում արդեն 7 շաբաթ, այսինքն՝ քաղցկեղից բուժվելու շանսերը կամաց-կամաց զրոյանում են: Այս պահին հարյուրավոր պլանային վիրահատություններ անժամկետ կասեցված են, հիվանդանոցների պալատները հնարավոր չէ բավականաչափ ջեռուցել, որ անվտանգ նվազագույն ջերմաստիճան ապահովվի: Գազամատակարարումն այս նիստից անմիջապես առաջ վերականգնվեց, բայց պարզ չէ, թե քանի ժամով կամ որքան ժամանակով: Էլեկտրաէներգիայի հովհարային անջատումները նախկինի պես անհրաժեշտ են, որ էլեկտրաէներգիայի ցանցը շարունակի կայուն գործել…»,- ներկայացրեց նա:

Կոնստանտինոս Սալոնիտիսը հավելեց՝ ցանկացած պնդում, թե այս իրավիճակը կարող է լուծվել այն չնչին մատակարարումներով, որոնք թույլ են տալիս տեղ հասցնել, ցինիզմի դրսևորում կլինի,  նաև՝ ցանկացած պնդում, թե 120 հազար մարդկանց հրատապ ու ընթացիկ բուժօգնության համար ամեն անգամ պետք է ԿԽՄԿ-ի հետ բանակցել:

«Արգելափակումը պետք է ամբողջովին վերացվի: Եվ պետք է ապահովվի հանրային ծառայությունների անխոչընդոտ հասանելիությունը, որ այս դաժան արգելափակումից տուժողների համար հետևանքները վերացվեն: Սա միայն Հայաստանի եզրակացությունը չէ, սա նաև միջազգային հանրության եզրակացությունն է»,- ասաց նա:

Կոնստանտինոս Սալոնիտիսը հիշեցրեց Ադրբեջանին ուղղված բազմաթիվ կոչերի մասին՝ հրատապ դադարեցնելու արգելափակումը:  Սա անհրաժեշտ է՝ խուսափելու մարդասիրական աղետից, որի ռիսկը օրեցօր ահագնանում է: Նա հիշեցրեց, որ Ադրբեջանը չի կատարել նաև ՄԻԵԴ-ի որոշումը:

«Կոչերն անտեսվել են, Ադրբեջանը բացահայտ պարծենում է, թե ինչպես իրեն հնարավոր չէ կանգնեցնել, թե դա չի կարող անել միջազգային հանրությունը, անգամ՝ Ստրասբուրգի դատարանի պարտադիր ուժ ունեցող որոշումը: Իրավիճակն աստիճանաբար վատթարանում է, դա ակնհայտ է»,- ասաց նա՝ հավելելով, որ մարդասիրական ճգնաժամը շարունակվում է, և մտավախություն ունի, որ դա շարունակվելու է, եթե դատարանը հրատապ չմիջամտի:

880