
Ֆրանսիացի մի խումբ բժիշկներ այսօր ժամանեցին Երևան, որպեսզի բուժեն Արցախում վիրավորված զինծառայողներին և քաղաքացիական անձանց։ Նրանք Հայաստանում են ֆրանսահայ բժիշկ Լևոն Խաչատրյանի հրավերով։ Այս մասին գրում է hetq.am-ը:
«Եւ' վախ ունենք և' վախ չունենք, բայց պատկերացնում ենք, որ մեծ ծավալի աշխատանք ունենք, դրա համար էլ այստեղ ենք»,- ասում է տևական ժամանակ Գազայում աշխատած ռեկոնստրուկտիվ վիրաբույժ Պատրիկ Կնիպերը՝ պատասխանելով հարցին, թե պատկերացնո՞ւմ է՝ ինչ պայմաններում է աշխատելու հրետակոծության տակ գտնվող Ստեփանակերտում։ Նրա համար էական չէ հակամարտության պատճառը, կարևորը՝ վիրավորներին բուժի։ Բժշկի նպատակն է՝ լինել հիվանդների, վիրավորների կողքին։ «Հայերի պարագայում, ամեն անգամ հայի բուժելիս, հայ վիրավորին օգնություն ցույց տալիս տպավորություն է, թե մի ամբողջ ազգի ես օգնում, մի մարդու դեմքով մի ամբողջ ազգ է արտահայտվում»,- ասում է վիրաբույժը։
Հայաստան ժամանած բժիշկների խմբում հայազգի վիրաբույժներ էլ կան։ Նրանցից Միքայել Չափարյանն ուրախ է, որ հայրենիքին օգնելու համար եկել է Երևան։ «Ինձ երբ զանգեց Լևոն Խաչատրյանը, ասաց՝ այս գործը կա, ես միանգամից այո ասացի, և շատ ուրախ ենք, որ մենք այստեղ ենք։ Հուսամ՝ լավ գործ կանենք, ժամանակը շատ կարճ է»,- ասաց Միքայել Չափարյանը։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում: