Արցախում գրեթե երեք շաբաթ ընթացող պատերազմը, որ սեպտեմբերի 27-ին հրահրեց Ադրբեջանը, աշխարհի որևէ կետում ապրող հայի անտարբեր չի թողել: Մեկ բռունցք դարձած՝ հայ ժողովուրդը պայքար է մղում ադրբեջանա-թուրքական ագրեսիայի դեմ, ոմանք՝ ճակատում, ոմանք՝ թիկունքում: Իրենց ակտիվությամբ աչքի են ընկնում նաև մշակույթի ոլորտի գործիչները, որոնցից յուրաքանչյուրն իր տեղում ինչ-որ կերպ փորձում է օգտակար լինել հայրենիքին:

Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ Հրանտ Թոխատյանը պատերազմական այս օրերին անձամբ է եղել Արցախում և աչքով տեսել այնտեղ կատարվողը: Արցախում տեղի ունեցողի, միջազգային հանրության և մշակույթի այլազգի դեմքերի արձագանքների, այս օրերին իր գործուն քայլերի և այլ հարցերի շուրջ «Հայկական ժամանակ»-ի զրույցը՝ ստորև.

- Պարոն Թոխատյան, երկու շաբաթից ավելի է՝ Արցախում չեն լռում հրանոթները: Ադրբեջանը Թուրքիայի օժանդակությամբ պատերազմ է հայտարարել ոչ միայն հայկական զինված ուժերին, այլ նաև գնդակոծում է խաղաղ բնակավայրերը, ենթակառուցվածքները, այդ թվում՝ հոգևոր կառույցը՝ Շուշիի եկեղեցին: Այս ընթացքում Դուք ևս Արցախում էիք: Ականատեսի աչքով կպատմե՞ք Ձեր տեսածը:

- Նախ ասեմ, որ թուրքերն ու ադրբեջանցիներն ինձ համար նույնն են: Նրանց անգամ մարդ կոչել հնարավոր չէ, որովհետև այն, ինչ իրենք են անում, որևէ կապ չունի հոմոսապիենս հասկացության հետ: Նրանց կողմից կիրառվող այդ զենքերը՝ սկսած այդ կասետային կոչվածներից մինչև անօդաչու սարքեր, մեծ վնաս են հասցնում խաղաղ բնակչությանը և քաղաքներին: Դա ահավոր մի բան է: Աչքիդ առաջ զոհվում են մարդիկ, որոնք մինչև վերջ իրենց հողից կառչած են: Նրանց տղաները, եղբայրները, ամուսինները ճակատում են, իսկ իրենք չեն ուզում որևէ կերպ թողնել իրենց տունը, հողը: Այդ մարդիկ անգամ պատրաստ են ամենավատ պայմաններում՝ նկուղներում, ապաստարաններում ապրել, բայց մնալ սեփական հողի վրա: Թեպետ մենք առաջարկում էինք իրենց տեղափոխվել առավել անվտանգ վայրեր, նկատի ունեմ Երևան կամ Հայաստանի այլ մարզեր, շատ-շատերը չէին համաձայնում: Ու հիմա, երբ սոցցանցերում կարդում եմ բացասական գրառումներ արցախցիների հասցեին, թե իբր նրանք չեն ուզում կռվել, փախչում են և այլն, ես շատ եմ զայրանում դրանից: Անթույլատրելի է դա: Այն ցավը, որ մարդիկ իրենց մաշկի վրա զգում են այնտեղ, այստեղ ավելի քիչ ընկալելի է:

- Ըստ Ձեզ՝ ինչո՞ւ է նման կարծիք ձևավորվել արցախցիների նկատմամբ:

- Ես կարծում եմ, որ դա այն կեղծ ձևաչափն է, կեղծ գործոնը, որը չգիտեմ ինչ հանգամանքներում մտավ մեր մեջ՝ սկսած 90-ական թվականներից և, ցավոք, պահպանվում է մինչ օրս, այսինքն՝ այդ նեգատիվ վերաբերմունքը: Շատերը կապում են անհատների հետ, շատերը նրա հետ, թե ինչու պիտի մեր տղաները լինեն ճակատում, կամավորների մասին է խոսքը, իսկ իրենք՝ նկատի ունեմ արցախցիները, ապահով պտտվեն այստեղ՝ Երևանում: Բայց ես չեմ կարծում, որ կան արցախցի երիտասարդներ, որոնք այսօր թողել են ու փախել այստեղ: Այո՛, բազմաթիվ կանայք, երեխաներ, ծերեր, հաշմանդամություն ունեցող մարդիկ հարկադրաբար դուրս են եկել, բայց երիտասարդները այնտեղ են: Հիմա ես օրվա մեջ մի քանի անգամ հանդիպումներ եմ ունենում արցախցի մեր հայրենակիցների հետ, այն մայրերի, ծերերի ու երեխաների հետ, որոնք տեղափոխվել են Երևան ու ՀՀ տարբեր մարզեր, ու ես նրանց մեջ չեմ տեսել որևէ երիտասարդի:

- Որպես հայ մարդ և մտավորական՝ Արցախում տեղի ունեցողին միջազգային հանրության գնահատականը բավարա՞ր եք համարում:

- Նրանք ինչ են անում, հաճախ ագրեսիան դատապարտող կոչեր են անում, խաղաղ բանակցություններին վերադառնալու հորդորներ հնչեցնում, բայց դրանք լոկ խոսքեր են, որ շուրջ 30 տարի լսում ենք: Ես հասկանում եմ, որ գուցե դա դիվանագիտական մոտեցում է, բայց, ցավոք սրտի, այդ դիվանագիտական մոտեցումը հարցը չի կարգավորում, և ամեն րոպե մարդիկ են զոհվում: Ես չեմ իմանում՝ միջազգային հանրությունը կարո՞ղ է առավել ակտիվ դերակատարում ունենալ, թե՞ ոչ, նաև հարց է՝ պե՞տք է արդյոք, որ ունենա, թե՞ ոչ: Դա մեզ օգո՞ւտ կբերի, թե՞ վնաս:

- Իսկ օտարազգի Ձեր ընկերները, նկատի ունեմ՝ մշակույթի գործիչներին, այն մարդկանց, որոնց խոսքը կշիռ ունի, հանդես եկե՞լ են դատապարտող հայտարարություններով։

- Երբ Արցախում էի, այդ օրերին ես ռուսական մամուլին հարցազրույցներ էի տալիս: Արտերկրի ընկերներս տեսել են դրանք և արձագանքել, բայց ոչ թե հրապարակային, այլ զանգել են, գրել: Ես նրանց ասում էի, որ ինձ զանգեր ու նամակներ պետք չեն, ինձ պետք է, որ դուք ձեր հնարավորություններն օգտագործեք ու աշխարհին ցույց տաք՝ ինչ է կատարվում: Այս պահին էլ ես պարբերաբար կապի մեջ եմ արտերկրի իմ գործընկների հետ, փորձում եմ հասնել նրան, որ այդ մարդիկ հրապարակային դատապարտեն այս ագրեսիան: Ես նրանց ասում եմ, որ դուք ունեք այդ հնարավորությունը, կարող եք դա անել, ձեր մեծ լսարաններն օգտագործեք: Բայց այստեղ կա նաև մի խնդիր. այդ նույն մարդիկ ունեն նաև ադրբեջանցի գործընկերներ, և դժվար է իրենց համար, հասկանում եք: Երբ Արցախում էի, ես կադրեր ու տեսանյութեր էի ուղարկում նրանց, որովհետև պատմելը մեկ այլ բան է, բայց երբ իրենց աչքով են տեսնում, դա լրիվ այլ է:

- Իսկ Դուք ինքներդ երբևէ շփում ունեցե՞լ եք ադրբեջանցի արտիստների հետ:

- Մի քանի տարի առաջ մի ֆիլում էի նկարահանվում, որտեղ նաև ադրբեջանցի կար: Հենց մեր շփումը արվեստի շրջանակներից դուրս էր գալիս, արդեն կոնտակտը չէր հաջողվում: 70 թվականներին էլ հյուրախաղերի ժամանակ կար կապ որոշ ադրբեջանցի արտիստների հետ, բայց այսօր բացարձակ խզված է կապը այդ մարդկանց հետ:

- Պարոն Թոխատյան, այս օրերին մենք տեսնում ենք, որ մշակույթի գործիչներից շատերը ներգրավվել են տարբեր նախաձեռնություններում և այդ կերպ փորձում են օգնել ճակատում կռվող զինվորին, նրանցից ոմանք անգամ կամավորագրվել են և մեկնել առաջնագիծ: Դուք էլ նշեցիք, որ իրականացնում եք տարբեր նախաձեռնություններ: Փոքր-ինչ կմանրամասնե՞ք:

- Երբ այստեղ եմ լինում, օրը մի քանի անգամ այցելում եմ այն արցախցի երեխաներին, կանանց և ծերերին, որոնք ապաստան էլ են Հայաստանի տարբեր հատվածներում, ինչն արդեն նշեցի: Երկու օրից պատրաստվում եմ կրկին գնալ Արցախ, այնտեղ առաքելություն ունեմ, որի մասին չեմ ուզում հիմա զրուցել: Իսկ այն, ինչ այսօր Մատենադարանի մոտ իրականացնում են մեր մշակույթի գործիչները, ինձ համար հրաշք մի բան է: Խաղաղ պայմաններում թվում էր, թե երիտասարդ դերասանները, երգիչները ապրում են թեթև կյանքով, անգամ շատերը մտածում էին՝ մի՞թե սրանք են մեր ապագան, բայց այսօր որ տեսնում ես, թե ինչ են անում նրանք՝ դարձած մի բռունցք, ուղղակի ես ուզում եմ ասել, որ խոնարհվում եմ իրենց առաջ: Բրավո նրանց: Ապրեն իրենք: Ապրեն նաև այն վարորդները, որոնց ես տեսել եմ Արցախում: Ռմբակոծությանը շան տեղ չդնելով՝ էդ տղաները օրվա մեջ երկու-երեք անգամ գնում-գալիս են Արցախ, կյանքեր են փրկում՝ իրենց կյանքը վտանգելով: Փառք ու պատիվ բոլորին, այդ թվում՝ մեր գործընկերներին, որոնք հիմա առաջնագծում են: Ես նաև շատ լավ ընկերներ ունեմ, որոնք հիմա այնտեղ են:

Շարունակությունը՝ սզբնաղբյուր կայքում

3032