Բուլղարիայում կայացած բռնցքամարտի Ստրանջայի մրցաշարը Հայաստանի հավաքականը ավարտեց 2-ական արծաթե ու բրոնզե մեդալով: Այս մասին հայտնում է բռնցքամարտի մամուլի ծառայությունը։

80 կգ քաշային Համբարձում Հակոբյանը եզրափակիչում համառ պայքարում զիջեց աշխարհի չեմպիոն ամերիկացի Ռոբի Գոնսալեսին: Մեր բռնցքամարտիկը վատ մենամարտ չանցկացրեց, արժանի պայքար մղեց աշխարհի չեմպիոնի հետ, բայց մրցակցի փորձն իրենն ասաց և մրցավարները հաղթանակը շնորհեցին ամերիկացի բռնցքամարտիկին: Գերծանր քաշային Դավիթ Չալոյանը վնասվածքի պատճառով չներկայացավ եզրափակիչ մենամարտին և նույնպես բավարարվեց արծաթով, իսկ 57 կգ քաշային Արթուր Բազեյանը և 67 կգ քաշային Գուրգեն Մադոյանը նվաճեցին բրոնզե մեդալ: Այս մրցաշարով մեր հավաքականը նախապատրաստվում էր մայիսին Ուզբեկստանում կայանալիք աշխարհի առաջնությանը:

Կարեն Աղամալյանի գլխավորությամբ մրցավայր էր մեկնել 12 բռնցքամարտիկ՝ Բարեղամ Հարությունյանը (48 կգ), Ռուդոլֆ Գարբոյանը (51 կգ), Հենրիկ Սահակյանը (54 կգ), Արթուր Բազեյանը (57 կգ), Արթուր Ղազարյանը (60 կգ), Արթուր Շախպազյանն ու Նարեկ Հովհաննիսյանը (երկուսն էլ՝ 63 կգ), Արարատ Հարությունյանն ու Գուրգեն Մադոյանը (երկուսն էլ՝ 67 կգ), Վախթանգ Հարությունյանը (75 կգ), Համբարձում Հակոբյանը (80 կգ) ու գերծանր քաշային Դավիթ Չալոյանը:

Մրցաշարին, ընդհանուր առմամբ, 38 երկրի ավելի քան 250 բռնցքամարտիկ է մասնակցում։

Հայաստանի հավաքականը, նախապատրաստվելով Ստրանջայի մրցաշարին, փետրվարի 10-17-ն ուսումնամարզական հավաք է անցկացրել Օլիմպավանում: Կարեն Աղամալյանի թիմի հետ համատեղ հավաք է անցկացրել նաև Մոլդովայի ընտրանին:

713