
Ինչպես հայտնի է՝ Մոսկվայում այսօր տեղի կունենա ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի ու ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հանդիպումը, ինչի համար Միրզոյանն աշխատանքային այցով մեկնել է Մոսկվա։
Նախարարները քննարկելու են տարածաշրջանային խնդիրները, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղում իրավիճակի կարգավորումը: Սպասվում է, որ հիմնական թեմաներից մեկը կլինի Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի նախապատրաստումը, ինչպես նաև այդ նպատակով Մոսկվայում արտգործնախարարների եռակողմ հանդիպման կազմակերպումը։
ՌԴ և ՀՀ արտգործնախարարները նախատեսում են մանրամասն վերլուծել տարածաշրջանային խնդիրները՝ «ներառյալ Լաչինի միջանցքի շուրջ և առհասարակ ԼՂ-ում իրավիճակի կարգավորումը»։
Կքննարկվեն նաև ԱՊՀ-ում, ԵԱՏՄ-ում և ՀԱՊԿ-ում համագործակցության ամրապնդման հեռանկարները, ինչպես նաև տարածաշրջանային օրակարգը՝ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ համաձայնագրերի համատեքստում։