Araratnews.am-ին ՀՀ քաղաքացի Վարդգես Մկրտչյանը ահազանգել էր ՀՀ ճանապարհային ոստիկանության,  «ՆԱԻՐԻ ԻՆՇՈՒՐԱՆՍ» ապահովագրական  ընկերության ոչ օրինական գործունեության,  ճանապարհային պատահարի փաստերը  խեղաթյուրելու մասին:

Արդեն շուրջ մեկ ամիս է անցել և պահանջված տեսաձայնագրությունը քաղաքացուն չի տրամադրվել: Ի պատասխան դիմումի նշվել է, որ ծառայողական քննություն է իրականացվում, որը որևէ կերպ չի առնչվում դիմումի պահանջներին։ Դիմումում պարունակվում է  մեկ խնդրանք՝ տեսաձայնագրություն տրամադրելը:

Քաղաքացու գնահատմամբ՝ պահանջվող տեսագրությունները չտրամադրելը պայմանավորված է պարեկների անօրինական գործունեությամբ, հակառակ դեպքում, առանց որևէ ժամանակ ձգձգելու կտրամադրվեր իրեն:

Ուստի քաղաքացին ևս մեկ դիմում է ներկայացրել ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանին՝ շարունակելով պնդել տեսագրություններ ներկայացնելու իր պահանջը: Նշենք, որ հետևողական ենք լինելու այս հարցի լուծման ընթացքին և կներկայացնենք նաև վերջնական արդյունքը:

Ներկայացնում ենք քաղաքացու դիմումը:

 

ՀՀ ներքին գործերի նախարար

Վահե Ղազարյանին

2023թ. հունվարի 21-ին դիմումով Ձեզ խնդրել էի ՆԳ նախարարության համապատասխան ծառայության աշխատակիցների միջոցով ինձ տրամադրել վթարի պահի և վթարի վայր ժամանած Ճանապարհային ոստիկանության աշխատակիցների կողմից արձանագրություն կազմելու ժամանակահատվածի տեսաձայնագրությունը, ինչը մեկամսյա ժամկետում չի արվել։

     2023թ. փետրվարի 23-ին էլեկտրոնային փոստով՝ N 7-2-20486 գրությամբ, ՃՈ պետի տեղակալ Ն.Սարգսյանի կողմից (կատարող՝ Գ.Վերդյան),  ինձ հայտնել են, որ իմ դիմումի ուսումնասիրության արդյունքներով ներկայացված զեկուցագրի հիման վրա 2023թ. փետրվարի 23-ին նշանակվել է ծառայողական քննություն։

      Հարգելի նախարար, ի սկզբանե Ձեզ եմ դիմել` ակնկալելով հարցին օբեկտիվ մոտեցում։ Դեպքի վայր ժամանած ՃՈ աշխատակիցների վարքագիծը, ՃՈ համակարգի ամենաճշգրիտ բնութագիրն է, և հուսալ, որ այդ համակարգի մյուս աշխատակիցների միջոցով կարելի է հասնել ճշմարտության՝ պարզ միամտություն է։ Ահա հիմնավորումը, դիմումիս պահանջը չեն կատարել (տեղյակ չեմ իմ դիմումի վրա ինչ է մակագրվել, գուցե նաև Ձեր հրամանը), և որպեսզի քողարկեն այդ հանգամանքը ծառայողական քննություն են սկսել, այն դեպքում, որ ծառայողական քննություն իրականացնելը կապ չունի իմ դիմումի պահանջը կատարելու հետ։ Այդ պատճառով խնդրում եմ ծառայողական քննությունը իրականացնել ՆԳ նախարարության ներքին անվտանգության աշխատակիցների միջոցով, որոնց հետ ես սիրով կհամագործակցեմ, ինչի շնորհիվ հնարավոր կլինի ամբողջությամբ վեր հանել տեղի ունեցածը։

       Հարգելի նախարար, հիմք ընդունելով այն հանագամանքը, որ իմ դիմումի պահանջը օրենքով սահմանված ժամկետում չի կատարվել, խնդրում եմ սույն դիմումիս կատարման ընթացքը վերցնել Ձեր հսկողության տակ և Ձեր համապատասխան աշխատակիցների միջոցով հնարավորինս սեղմ ժամկետում ինձ տրամադրել.

1. Վթարի պահի և ոստիկանների կողմից արձանագրությունը կազմելու ժամանակահատվածի տեսաձայնագրությունները։

2.  Վթարի վայր ժամանած ՃՈ ոստիկանների կողմից իրականացված տեսաձայնագրությունների կրկնօրինակները՝ ամբողջությամբ, առանց մոնտաժի։

3. Վթարի մյուս մասնակից Օպել մեքենայի վարորդի վարորդական իրավունքի վկայականի լուսանկարը, քանի որ որպես վարորդական իրավունքի վկայական նրա կողմից ներկայացվեց մի «փաստաթուղթ», որտեղ բացակայում էր ներկայացնողի լուսանկարը՝ դրա փոխարեն դեղին հետք էր։ Իսկ ՃՈ աշխատակիցները այն ընդունեցին որպես փաստաթուղթ, վերադարձրին ներկայացնողին ... ։

       Խնդրում եմ Ձեր աշխատակիցները թող ինձ տեղեկացնեն՝ տեսանկարահանումները ստանալու համար գուցե անհրաժեշտ է այլ դիմում լրացնել, կամ դրանց ստանալու համար վճարումներ կատարել...

   Դարձյալ պնդում եմ՝ վթարի պահին իմ կողմից ճանապարհային երթևեկության կանոնների խախտում չի եղել, սակայն վթարի վայր ժամանած ՃՈ ոստիկանները տարբեր խեղաթյուրումների միջոցով գլխիվայր շրջել են իրականությունը։ Իմ խախտված իրավունքները վերականգնելու համար ինձ անհրաժեշտ են վերոհիշյալ տեսաձայնագրությունները, որոնք անհերքելի նկարագրում են տեղի ունեցածը և հանդիսանում են անառարկելի ապացույցներ։

        Հարգելի Նախարար, դարձյալ խնդրում եմ ծառայողական քննության վարույթը տեղափոխել ՆԳ նախարարության համապատասխան ծառայություն։

                

 Հարգանքով՝    Վարդգես Մկրտչյան

 

 

434