Բուհ-աշխատաշուկա կապի ամրապնդման, կրթություն ստանալուն զուգահեռ աշխատաշուկայում ինքնաիրացման հնարավորություն տալու,  հանրության ամենալայն շերտերի համար կրթության մատչելիության ապահովման և սահմանված մի շարք այլ նպատակներով՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն ու Պետական կառավարման ակադեմիայի ռեկտոր Խաչատուր Ղազեյանն ապրիլի 17-ին համագործակցության հուշագիր են կնքել։ 

Ինչպես տեղեկացրին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից, նրանք սահմանված առաջնահերթությունների շարքում կարևորել են գիտական ուսումնասիրությունների, կրթական, դաստիարակչական, սոցիալ-մշակութային ծրագրերի համատեղ իրականացման, աշխատողների նպատակային վերապատրաստման անհրաժեշտությունը։

«Հուշագրի շրջանակում ակադեմիան պատրաստակամություն է հայտնել իրականացնելու մասնագետների վերապատրաստման և որակավորման բարձրացման դասընթացներ՝ համատեղ պատրաստված ծրագրերով, իսկ նախարարությունը կաջակցի ակադեմիայի ուսանողների պրակտիկայի կազմակերպմանը, ուսանողների և շրջանավարտների զբաղվածությունը խթանող ծրագրերի իրականացմանը»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ առաջնահերթություն համարելով կրթության որակի բարելավումը՝ կողմերը նախատեսում են իրականացնել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող միջոցառումներ՝ համաժողովներ, վերապատրաստումներ:

Կողմերը նաև պատրաստակամություն են հայտնել համատեղել ջանքերը՝ նպաստելու կրթական համակարգի զարգացմանն ու գիտական մտքի դերի բարձրացմանն աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում:

543