Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ և վերջնական կարգավորումը պետք է լինի բանակցային ճանապարհով, որպեսզի հնարավոր լինի ճանապարհ հարթել դեպի խաղաղություն և անվտանգություն։ ԱՄՆ կոնգրեսում Հայոց ցեղասպանության տարելիցին ընդառաջ կազմակերպված միջոցառման ժամանակ այս մասին ասել է ԱՄՆ կոնգրեսական, Ներկայացուցիչների պալատի նախկին խոսնակ Նենսի Փելոսին։

Փելոսին նշել է, որ իրենք Կոնգրեսում կենտրոնացած են Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ ուժի կիրառման վրա: Փելոսին ընդգծել է, որ իրենց կողմից հայ ժողովրդին աջակցելը վեր է նախասիրություններից և քաղաքականությունից։ «Ամերիկան կլինի այնտեղ, քանի որ Հայաստանը պահում է ճակատը ժողովրդավարությունն ընդդեմ ավտոկրատիայի ճակատամարտում։ Մենք դա տեսանք, երբ այնտեղ էինք»,- ասել է Փելոսին։

Նենսի Փելոսին հիշեցրել է, որ անցած տարի՝ որպես Ներկայացուցիչների պալատի խոսնակ կոնգրեսական պատվիրակության հետ այցելել էր Հայաստան։ Փելոսին նշել է, որ այցի ընթացքում այցելել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի հուշահամալիր։ «Մենք դրանով հաստատեցինք այն ամուր համոզմունքը, որ Օսմանյան կայսրության կողմից մարդկության դեմ հրեշավոր հանցագործությունները երբեք չպետք է մոռացվեն։ Մենք պետք է ապահովենք, որ այս վայրագությունները երբեք չկրկնվեն»,- ասել է Փելոսին։

652