Նախագահական ընտրություններում Թուրքիայի առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավոր մրցակից Քեմալ Քըլըչդարօղլուն հայտարարել է, որ ընտրություններում հաղթելու դեպքում չի խզելու հարաբերությունները Ռուսաստանի հետ, հանդես կգա Ուկրաինայի հարցով խաղաղության նոր նախաձեռնությամբ, բայց կաջակցի ՆԱՏՕ-ի ընդլայնմանը։ 

«Մենք ցանկանում ենք պահպանել մեր հարաբերությունները Ռուսաստանի հետ, մենք չենք ցանկանում խզել այս բարեկամական հարաբերությունները, բայց թույլ չենք տա միջամտություն մեր ներքին գործերին»,- ուրբաթ օրը նա ասել է Reuters-ին՝ նկատի ունենալով Ռուսաստանի ներգրավվածության մասին իր մեղադրանքները։ 

Քըլըչդարօղլուն հիշեցրել է, որ Թուրքիան սերտ տնտեսական կապեր ունի Ռուսաստանի հետ և հասկացրել է, որ Մոսկվայի հետ հարաբերություններում արտաքին քաղաքականության մեջ նուրբ հավասարակշռություն է պահպանելու։ «Մենք վարելու ենք խաղաղ արտաքին քաղաքականություն, որի առաջնահերթությունը կլինեն աշխարհի ժամանակակից պայմաններին համապատասխանող Թուրքիայի ազգային շահերը»,- հավելել է Քըլըչդարօղլուն։

Եթե ​​նա հաղթի ընտրություններում, նա խոստանում է հանդես գալ «հերթական խաղաղության նախաձեռնությամբ» Ռուսաստանի և Ուկրաինայի միջև։ 

683