ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը շնորհավորական ուղերձ է հղել Վերջին դասի առթիվ․

«Սիրելի՛ շրջանավարտներ,

Շնորհավորում եմ Վերջին դասի առթիվ` մաղթելով բարձր առաջադիմություն ուսման շարունակության մեջ:

Այնքան էլ շատ չի անցել այն օրից, երբ Վերջին դասը Վերջին զանգ էր կոչվում, իսկ շրջանավարտ էին համարվում միայն տասներորդցիները: Այդ տարիներին Վերջին զանգն անցնում էր մեծ աշխուժությամբ եւ ոգեւորում էր անգամ նրանց, որոնք կապ չունեին ավարտական երեկոյի հետ: Այսօր ավելի զուսպ ու համեստ է նշվում օրը, սակայն նույնն են ուսուցիչներին նվիրված մաղթանքներն ու շրջանավարտների ծնողների հույզերը: Ժամանակակից աշխարհն առաջին հերթին մրցունակություն է պահանջում, եւ յուրաքանչյուր ծնողի նվիրական երազանքն է դպրոցն ավարտող երեխային տեսնել որեւէ հայտնի բուհի ուսանող կամ հմուտ մասնագետ՝ պայծառ ապագայի բոլոր երաշխիքներով:

Սիրելի՛ շրջանավարտներ, հավատացեք, որ ամեն ինչ ձեր ձեռքերում է:

Խելացի մարդիկ սովորում են ուրիշների սխալների վրա. նոր կյանքի ճանապարհին դուք նման օրինակների պակաս չեք ունենա: Փորձեք ձեւավորել ձեր ես-ը, փորձեք դառնալ ձեր լավագույն տարբերակը եւ չծուլանալ: Իսկ այսօր վայելեք ձեզ լիարժեքորեն պատկանող օրը, որովհետեւ վաղվանից ավարտական քննությունների եք պատրաստվելու:

Լուսավոր ապագա եմ մաղթում ձեզ, միշտ սիրով հիշեք ձեր ուսուցիչներին, որոնց շնորհիվ դարձել եք գրագետ, ու ջերմորեն հիշեք դպրոցական տարիները, որովհետեւ մի օր հաստատ պարզվում է, որ դրանք ամենաանհոգն էին:

Բարի երթ եւ հաջողությամբ հաղթահարված քննաշրջան եմ մաղթում»:

476