ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակներում իրականացված քննչական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել են Երևանի 41-ամյա բնակչի՝ Կորյուն Մխիթարյանի նկատմամբ սպանության փորձ կատարելու, վերջինիս պատկանող ավտոմեքենան վնասելու դեպքի մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ շարժառիթը, այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեց։

2023թ․ մայիսի 19-ին՝ ժամը 09:25-ին, «Արմենիա» ՀԲԿ-ից ՀՀ ՆԳՆ ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում է ստացվել այն մասին, որ հրազենային վնասվածքով իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել հիշյալ տղամարդը:

Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 44-155-րդ հոդվածի 1-ին մասով և 335-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնվել է քրեական վարույթ, որի նախաքննության կատարումը հանձնարարվել է քննչական խմբին:

Նախաքննության ընթացքում կատարված դեպքի վայրի զննությամբ Երևան քաղաքի Բաշինջաղյան և Շահումյան փողոցների խաչմերուկի հատման հատվածում հայտնաբերվել է հրազենից կրակված երկու պարկուճ, մոտ 800 մետր հեռավորության վրա հայտնաբերվել է «Վոլսվագեն Տուարեգ» մակնիշի ավտոմեքենա, որի զննությամբ մեքենայի դիմապակու վրա հայտնաբերվել են հրազենից կրակված գնդակի և արնանման հետքեր։ Նշանակվել են դատաբժշկական, դատահետքաբանական, դատամատնադրոշմային և դատաապրանքագիտական փորձաքննություններ:

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում տվյալներ են ստացվել է այն մասին, որ դեպքին, մոտ 2-3 ամիս առաջ, նախորդել է հողակտորի հարցի շուրջ 41-ամյա տղամարդու և մի 30-ամյա տղամարդու միջև սուր վիճաբանություն։

2023 թվականի մայիսի 19-ին՝ ժամը 09:00-ի սահմաններում, Բաշինջաղյան փողոց և Բաշինջաղյան փակուղի խաչմերուկում, հիշյալ 30-ամյա տղամարդը, 36-ամյա տղամարդու և մի խումբ անձանց հետ դարանակալելով «Վոլսկվագեն տուարեգ» մակնիշի ավտոմեքենային, որի ղեկին եղել է 41-ամյա տղամարդը, մոտեցել են նրան, իրենց մոտ գտնվող մահակներով վնասել են հիշյալ ավտոմեքենան, իսկ 30-ամյա տղամարդն իր մոտ գտնվող հրազենով կրակել է ավտոմեքենայի ուղղությամբ, որի արդյունքում վարորդին թիկունքային հատվածում պատճառվել է մարմնական վնասվածք:

Նախաձեռնվել է ևս մեկ քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 3-րդ մասով, որը միացվել է վերոնշյալ քրեական վարույթին:

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա 30 և 36-ամյա տղամարդկանց նկատմամբ հարուցվել են հանրային քրեական հետապնդումներ։ Նրանցից առաջինին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 3-րդ մասով և որպես խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը:

Իսկ 36-ամյա տղամարդուն մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 44-155-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով և 335-րդ հոդվածի 1-ին մասով։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը։

Նախաքննությունը շարունակվում է: Միջոցներ են ձեռնարկվում հանցավոր արարքներին ներգրավված այլ անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ:

Ծանուցում. հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

269